Ալբերտ Մկրտչյանի նոր կինոնկարը հայկական ոգով նկարահանված ամենավառ ֆիլմերից մեկն է, կարծում է ֆիլմի դերասանը
«Մկրտչյանի «Լուսաբացը տխուր փողոցում» կինոնկարը ամենավառ ֆիլմերից է, որը նկարահանվել է հայկական ոգով: Դա զգացվում է թե՛ կինոնկարի հոգեբանությունից, թե՛ իր երանգավորումից»,- մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ֆիլմի դերասաններից Վարդան Մկրտչյանը:
Ըստ վերջինիս` «Լուսաբացը տխուր փողոցում» իր արժանի տեղի կզբաղեցնի ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում:
Ֆիլմի, որը պատմում է Գյումրի քաղաքի բնակիչների պատմությունը 1990-ականների սկզբին` Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեժ պահին, գլխավոր դերերում հանդես են եկել Գուժ Մանուկյանը, Անահիտ Քոչարյանը, Վարդան Մկրտչյանը և Արմեն Սարգսյանը:
Կինոնկարի ռեժիսորը, իր հերթին, իր ապրումներն է կիսել լրագրողների հետ. «Կինոնկարի բոլոր աշխատանքների ավարտից հետո ես` որպես ստեղծագործ անձ, ինձ դատարկ եմ զգում»,- նշել է Մկրտչյանը:
Ըստ Մկրտչյանի` դա պայմանավորված է նրանով, որ կինոկարի դիտումից հետո նա մի շարք սխալներ է նկատում:
«Ես այլևս չեմ կարողանում դիտել այդ ֆիլմը, քանի որ ես սխալներ եմ նկատում, որոնք արդեն դժվար է ուղղել»,- հավելել է ռեժիսորը:
Հիշեցնենք, որ «Լուսաբացը տխուր փողոցում» կինոնկարի պրեմիերան տեղի է ունեցել հոկտեմբերի 30-ին Գյումրիում, այնուհետև Հայ-ռուսական համալսարանում, իսկ հետո «Մոսկվա» կինոթատրոնում:










