Օպերայի բեմում նորից կհանդիպեն «Վարդանանք»-ն ու «Տանգո»-ն

09:45 • 27.11.08

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում այսօր նորից կհանդիպեն «Վարդանանք»-ն ու «Տանգո»-ն:

1 գործողությամբ այս 2 բալետները բեմադրել է ամերիկաբնակ բալետմայստեր, Վաշինգտոնի «Արքա» բալետի գեղարվեստական ղեկավար Ռուդոլֆ Խառատյանը: Բալետների երևանյան պրեմիերան կայացել է այս տարվա մարտին:

Դեռ 2001թ.՝ Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակի կապակցությամբ, «Վարդանանք»-ը բեմադրվել էր Միացյալ Նահագներում՝ Նյու Յորքի հայ առաքելական եկեղեցու թեմի պատվերով: Բալետի հիմքում Ավարայրի ճակատամարտի նախօրյակին Հայաստանում կատարված իրադարձություններն են, իսկ հնչող երաժշտությունը՝ Էդգար Հովհաննիսյանի երրորդ սիմֆոնիան:

Իսկ «Տանգո»-ն, որը բեմ է բարձրանում արգենտինացի կոմպոզիտոր Աստոր Պիացոլլայի ստեղծագործությունների մոտիվներով, ի հայտ է բերում ժամանակակից բալետի հիմնական դրսևորումները: Մեր օրերի լավագույն բալետմայստերներից մեկը համարվող Ռուդոլֆ Խառատյանն այս համադրությամբ փորձել է ամփոփել բալետի դասականն ու նորը: