Հայկական բնապահպանական ֆիլմերը հաղթել են ֆիննական փառատոնում

09:13 • 28.11.08

Նոյեմբերի 19-24-ը Ֆինլանդիայում անցկացված «Wildlife Vaasa Festival» բնապահպանական ֆիլմերի փառատոնում Հայաստանը ներկայացնող երկու ֆիլմերը` «Ողջաբերդ» և «Մեր գետը», հաղթող են ճանաչվել համապատասխանաբար «Պատանիների կողմից նկարահանված լավագույն ֆիլմ» և «Երեխաների կողմից նկարահանված լավագույն ֆիլմ» անվանակարգերում։

«Ողջաբերդ» ֆիլմը նկարահանվել է 2007թ.-ին Գառնի/Գողթում գործող էկո-ակումբի սաների կողմից` նրանց հետ աշխատող մասնագետների օգնությամբ։ Ֆիլմը պատմում է Ողջաբերդ գյուղին սպառնացող բնական աղետների, այս դեպքում՝ սողանքների մասին։

«Մեր գետը» ֆիլմը նույնպես նկարահանվել է 2007թ.-ին Հայաստանում վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի և «Մանանա» մանկապատանեկան կենտրոնի հետ համատեղ և պատմում է Երևանով գետի` Գետառի մասին, որն ամբողջովին աղտոտված է և լուրջ էկոլոգիական վտանգ է ներկայացնում մայրաքաղաքի համար։

Ֆիլմերը Հայաստանում վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի և ՎիվաՍելլ-ՄՏՍ-ի կողմից ողջ հանրապետությունում իրականացվող բնապահպանական կրթական ծրագրի մի մասն են, որոնց հեղինակները «Արևորդի» էկո-ակումբների սաներն են։ 2 ֆիլմերն էլ ներկայացված են եղել 2007թ-ի «Արևորդի» բնապահպանական փառատոնում։

Ֆինլանդիայի կինոփառատոնը 4-րդ տարին է, որ բնապահպանական ֆիլմերի ռեժիսորների է համախմբում աշխարհի տարբեր ծայրերից։ Այս տարի փառատունում ներկայացված էին 265 ֆիլմեր ավելի քան 49 երկրներից և պատանի ռեժիսորների 46 ֆիլմեր 10 երկրներից։