Կարճ ֆիլմերի երկօրյա շքերթ Երևանում
Նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-ին Մոսկվա կինոթատրոնի տեսասրահում կկայանա կարճ ֆիլմերի երկօրյա ցուցադրություն, որ նախաձեռնել է Ազգային պատկերասրահի ֆիլմերի ծրագիրն՝ ի դեմս ծրագրի ղեկավար Մելիք Կարապետյանի: Կցուցադրվի գերմանական Օբերհաուզեն քաղաքում ամեն տարի անցկացվող կարճ ֆիլմերի հայտնի փառատոնի ֆիլմերի ընտրանին: 2008թ-ին կայացավ փառատոնի 54-րդ պտույտը, որի ընթացքում աչքի ընկած ֆիլմերը կներկայացնի ընտրող խորհրդի անդամ Քրիստիան Բոյխները:
Ի դեպ, Օբերհաուզենի կարճ ֆիլմերի 55-րդ փառատոնին, որ կայանալու է 2009թ-ի մայիսին, կարող են մասնակցել ֆիլմեր նաև Հայաստանից: Ժանրային ընդգրկումը շատ լայն է, միակ սահմանափակումը վերաբերում է ֆիլմի ժամանակին՝ ժապավենը չպետք է գերազանցի 35րոպեն:
Օբերհաուզենի կարճ ֆիլմերի փառատոնը հիմնադրվել է 1954թ-ին և համարվում է կարճ կինոյի ամենահին փառատոնն աշխարհում: Այստեղ իրենց առաջին քայլերն են արել կինոյի այնպիսի ճանաչված անուններ, ինչպիսիք են Վիմ Վենդերսը, Մարտին Սկորսեզեն, Ռոման Պոլանսկին և այլք:










