Սիրիայում բացվել են Հայաստանի մշակույթին նվիրված օրերը
Նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 1-ը Սիրիայում տեղի ունեցող Հայաստանի Հանրապետության մշակութային օրերի պաշտոնական բացումը կատարելու, հայ-սիրիական մշակութային կապերն ամրապնդելու և երկկողմ համագործակցությանն առնչվող խնդիրներ քննարկելու նպատակով նոյեմբերի 25-ին Սիրիա է ժամանել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը։
ՀՀ արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, այցի ընթացքում Հայաստանի մշակույթի նախարարը հանդիպումներ է ունեցել Սիրիայի փոխնախագահ Նաջահ Ատտարի, մշակույթի նախարար Ռիադ Նաասա Աղայի, տեղեկատվության նախարար Մոհսեն Բիլալի և Դամասկոսն արաբական մշակույթի մայրաքաղաք փառատոնի գործադիր տնօրեն Հանան Կասաբ Հասանի հետ։
Հանդիպումների ընթացքում տեղի են ունեցել քննարկումներ հայկական և արաբական հզոր մշակութային ժառանգության բազմաբնույթ ոլոտներում համագործակցության, միմյանց փորձի ուսումնասիրության, երաժշտական, օպերային, բալետային արվեստի մասնագետների փոխանակման վերաբերյալ։
Նոյեմբերի 26-ին Սիրիայի ազգային թանգարանից սկսվեց Հայաստանի Հանրապետության մշակութային օրերի բացումը։ Առաջին անգամ Սիրիայի այզգային թանգարանում ներկայացված են Հայաստանի Ազգային պատկերասրահից բերված հայ հանրաճանաչ նկարիչների 34 կտավներ, Մատենադարանից բերված 15, այդ թվում՝ 4 արաբալեզու մագաղաթյա մատյաններ և պատմության թանգարանից բերված 150 արաբական դրամներ։ Այնուհետեւ, Դամասկոսի օպերային թատրոնի շենքում տեղի ունեցավ մշակութային օրերի պաշտոնական հանդիսավոր բացումը, որին ներկա էին Սիրիայի կառավարության, Ժողովրդական Ժողովի անդամներ, օտարերկրյա դիվանագետներ, մշակութային գործիչներ և հոծ հանդիսականներ։
Մշակութային օրերի բացման խոսքում Սիրիայի և Հայաստանի մշակույթի նախարարներն անդրադարձել են հայ-արաբական բազմադարյա համատեղ պատմամշակութային անցյալին ու ջերմ հարաբերություններին, որոնք նոր լիցք էին ստացել Հայաստանի անկախացումից հետո։ Հանդիսավոր արարողությունից հետո ելույթներով հանդես են եկել Դամասկոսի Հայ Կաթողիկե Միության «Քնար» երգչախումբը, այնուհետև` Հայաստանի պարի պետական անսամբլը։
Հայկական մշակույթի ներկայացումը շարունակվելու է նաև Սիրիայի Հալեպ և Լաթաքիա քաղաքներում։ Հայաստանի մշակութային օրերի շրջանակում սիրիական հեռուստատեսությամբ ցուցադրվել է Հայաստանի վերաբերյալ հեռուստաֆիլմ, իսկ միջոցառումների ընթացքը լուսաբանվել է զանգվածային լրատվության միջոցներով։










