Մշակութային պայքար ՁԻԱՀ-ի դեմ

09:37 • 01.12.08

Ամեն տարի դեկտեմբերի 1-ին՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրը ի թիվս այլ նախաձեռնությունների՝ կազմակերպվում են նաև մշակութային-տեղեկատվական միջոցառումներ, որոնք նույնպես պայքարի մի մասն են կազմում:

Այսօր Ավանգարդ-ֆոլք երաժշտության ակումբում այդ առթիվ կկայանա ռոք համերգ՝ «Պինցետ» և «Ինադ» խմբերի մասնակցությամբ, ինչպես նաև կկայանա ֆիլմի ցուցադրություն: Միջոցառումն իրականանում է «Կանանց ռեսուրսային կենտրոն», «Իրական աշխարհ - իրական մարդիկ», «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք», «Երիտասարդական մշակութային կազմակերպություն» հկ-ների և «Հայաստանի կարմիր խաչ» ընկերության համագործակցությամբ: Երեկոյի ընթացքում բաժանելու են անվանգ սեռական հարաբերությունների և առողջ ապրելակերպի մասին տեղեկատվական թերթիկներ:

Իսկ մինչև համերգը նախատեսված է երթ Վարդան Մամիկոնյանի արձանից դեպի հանրապետության հրապարակ, որտեղ նամակ կհանձնվի ՀՀ կառավարության՝ պետական այրերի ուշադրությունը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդրի վրա հրավիրելու նպատակով: