Սիրիայում ավարտվել են հայկական մշակույթի շաբաթվա միջոցառումները

15:55 • 02.12.08

Սիրիայում Հայաստանի Հանրապետության մշակույթի օրերի շրջանակներում դեկտեմբերի 1-ին Հալեպում տեղի է ունեցել Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի «Հենց էն Հուռին» ներկայացումը և վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պարի պետական անսամբլի եզրափակիչ համերգը Հալեպի մշակույթի կենտրոնում։ Միջոցառման ավարտին եզրափակիչ ելույթով հանդես է եկել Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանը և Հալեպի մշակույթի պետական տնօրինության նախագահ Քամել Կատտանը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության բաժինը։

Հալեպի այդ միջոցառումներով ավարտվել է հայկական մշակույթի շաբաթը Սիրիայում։

Հայկական մշակույթի օրերի ընթացքում Սիրիայի հասարակությունը ծանոթացել է հայ թատերական արվեստին, պարարվեստին, կինոարվեստին, նաև մատենադարանի հայկական ձեռագրերին և հին հայկական ու Հայաստանում պահվող արաբական դրամների նմուշներին։ Միջոցառումները լայնորեն լուսաբանվել են Սիրիայի մամուլում և հեռուստատեսությամբ։