Տերտերյանական «Երկրաշարժը»՝ օպերայի բեմում

10:20 • 02.12.08

Դատապարտված սիրո անվերջ փնտրումներով, Ավետ Տերտերյանի խորհրդավոր երաժշտությամբ ու նրա «Երկրաշարժ»-ով օպերայի բեմը նոր կենդանություն ստացավ:

Երեկ կայացավ «Երկրաշարժ» օպերայի պրեմիերան, սակայն ոչ լեփ-լեցուն դահլիճում: Փոխարենը լեցուն էր բեմը՝ շուրջ 200 մասնակիցներով՝ երգիչ-մենակատարներ, երգչախումբ, պլաստիկ թատրոն, միմոսներ և այլոք, ովքեր իրարանցում էին ստեղծել վաղուց մռայլված օպերայի բեմում: Մարդկային այս բազմության ստեղծած քարացած, բայց խոսուն պատկերները ողողել էին ողջ բեմն ու Բոսխից ու Բերյգելից ոգեշնչված իրենց հագուստներով գունագեղ մի պատկերի վերածել այն: Նորագույն տեխնոլոգիաներից էլ պրոյեկտորներն էին մասնակցում՝ որոշակի շեշտադրումներ կատարելով միջնադարյան խստակյաց մթնոլորտում ու նաև հանդես գալով որպես քառալեզու թարգմանիչ:

«Երկրաշարժ»-ի բեմադրության հեղինակը Լևոն Իվանյանն է, բեմադրող դիրիժորը՝ Ռուբեն Ասատրյանը, խմբավարը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Սարգսյանը: «Երկրաշարժ» օպերան Ավետ Տերտերյանը գրել է 1984թ-ին գերմանական «Peters» հրատարակչության պատվերով: 1 էջանոց լիբրետոյի հիմքում Հայնրիխ ֆոն Կլյաստրի «Երկրաշարժը Չիլիում» նովելն է, իսկ հեղինակել են այն Ավետ Տերտերյանը և Գերտա Շեխերը: Օպերան առաջին անգամ բեմադրվել է Մյունխենում 2003թ-ին, և նույն տարում արժանացել «Ոսկե Աստղ» մրցանակին՝ որպես տարվա լավագույն ներկայացում, իսկ 2004թ-ին ստացել է Վոլֆ Էքերմանի անվան միջազգային մրցանակը:

«Երկրաշարժ»-ից մեր օպերայի բեմը կցնցի նաև այսօր, սպասենք դրա տեղական զարգացումներին: