«Մոսկվայի վիրտուոզները» նշում են իրենց 30–ամյակը
Ինչպես այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Մոսկվայի վիրտուոզների» դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Վլադիմիր Սպիվակովը, համույթն այս համերգաշրջանում նշում է իր 30–րդ ամյակը։
«Մենք արդեն հաջող համերգաշրջան ենք կազմակերպել Ամերիկայում և Կանադայում»,– ասել է դիրիժորը։ Պատասխանելով լրագրողի հարցին՝ արդյոք իրականացել է դիրիժորի՝ ԱՊՀ երկրներով մեկ գնացքով ճանապարհորդելու երազանքը՝ Սպիվակովը պատասխանել է՝ մասամբ։ «Վիրտուոզներն» արդեն հյուրախաղերով եղել են Յակուտսկում, Խաբարովսկում, Սիբիրում, Ուրալում, Եկատերինբուրգում և Չուկոտկայում։
«Գնացքը շարժվում է արևմտյան ուղղությամբ, և գլխավորը շարժման մեջ լինելն է»,– ավելացրել է նա։
Բացի այդ, դիրիժորը կիսվել է Երևանում և Գյումրիում տված համերգներից ստացած տպավորություններով։
«Ես միշտ ջանացել եմ, որպեսզի այն, ինչով ես զբաղվում եմ, լուսավորի մարդկանց։ Համերգից հետո մարդիկ իրենց զգում են բարձրության վրա և ինձ բանաստեղծություններ են գրում»,– նշել է դիրիժորը։
Նշենք, որ «Վիրտուոզների» հաջորդ համերգը կայանալու է դեկտեմբերի 6–ին և նվիրվելու է Սպիտակի երկրաշարժի 20–րդ տարեդարձին։










