Երևանում մեկնարկել է «Ոսկե Ծիրան»-ի հայ-թուրքական կինոսեմինարը

13:33 • 05.12.08

«Ոսկե Ծիրան»-ի արտափառատոնային ծրագրերի շրջանակներում դեկտեմբերի 4-8-ը անցկացվում է հայ-թուրքական 2-րդ կինոսեմինարը, որ կրում է «Կինոն որպես երկխոսության և փոխըմբռնման միջոց» խորագիրը: Սեմինարի գործընկերներն են Հայաստանի գրողների միությունը և «Անադոլու Քուլթուր» ասոցիացիան Թուրքիայից: Սեմինարի նպատակն է ուսումնասիրել հայ և թուրք ռեժիսորների, պրոդյուսերների համատեղ ֆիլմարտադրության հնրարավորությունները, ինչպես նաև խթանել քաղաքացիական և մշակութային երկխոսությունը Հայաստանի և Թուրքիայի միջև:

Թուրքական կողմից սեմինարին մասնակցում են 10 կինոգործիչներ` ռեժիսորներ, քննադատներ, լրագրողներ, այդ թվում` թուրք անվանի ռեժիսոր Էզել Ակայը, Հրանտ Դինքի եղբոր դուստրը` լրագրող Լուսին Դինքը և ուրիշներ:

Հայ թուրքական առաջին կինոսեմինարը կայացել էր 2008-ի ապրիլին Թուրքիայում Ստամբուլի միջազգային կինոփառատոնի շրջանակներում և կրում էր «Կինո և պատմություն» խորագիրը: Սեմինարին մասնակցել է հայ կինոգործիչների 12 հոգանոց պատվիրակություն: