20 տարվա հիշողություն. հարգանքի տուրք 88-ի զոհերի հիշատակին
Դեկտեմբերի 7-ին 1988-ի ավերիչ երկրաշարժի 20-րդ տարելիցի առթիվ Հայաստանի մի շարք քաղաքներում նախատեսված են մշակութային միջոցառումներ՝ որպես հարգանքի տուրք զոհերի հիշատակին: Գյումրիում Հայաստանի նախագահի մասնակցությամբ կկայանա երկրաշարժի 20-րդ տարելիցին նվիրված հուշարձանի բացման արարողություն, որ հեղինակել է քանդակագործ Ֆ. Սողոյանը: Այնուհետև Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի շենքում կբացվի ցուցահանդես, ապա կկայանա հանդիսավոր երեկո և պետական պարգևների հանձնման արարողություն:
Սպիտակում համերգով հանդես կգա Հայաստանի պետական կամերային նվագախումբը, կցուցադրվի ֆիլմ, Գյումրիի բիենալեի «Սպիացած վերքեր» խորագրով շրջիկ ցուցահանդեսի նմուշները կնվիրվեն Երկրաշարժի թանգարանին, ինչպես նաև կկայանա մոմավառության արարողություն:
Երկրաշարժի 20-րդ տարելիցի առթիվ միջոցառումներ են նախատեսված նաև Վանաձորում, Մարալիկում, Աշոցքում և այլ վայրերում: Իսկ Երևանում այսօր կբացվի «Քո ցավն իմ ցավն է՝ 20 տարի անց» խորագրով ցուցահանդեսը Հայաստանի պատմության թանգարանում, իսկ Արամ Խաչատրյան համերգասրահում հանդես կգա «Մոսկվայի վիրտուոզներ» կամերային նվագախումբը՝ Վլադիմիր Սպիվակովի գլխավորությամբ:










