Դատավորի ձեռքը սովոր է փող վերցնելուն, կարծում է Կարեն Ջանիբեկյանը
«Դատավորի ձեռքը սովոր է փող վերցնելուն, ինչքան էլ լավ ապրի, միևնույնն է, էլի կվերցնի», - կարծում է դերասան Կարեն Ջանիբեկյանը` խոսելով դատավորների աշխատավարձը կրկնակի բարձրացնելու մասին։ Ինքն անձամբ չի դժգոհում կյանքից, քանի որ խաղում, նկարահանվում և խաղաղ ապրում է Գառնիի իր տնակում, որը, նրա խոսքերով, դրախտային մի վայր է բնության գրկում:
Իսկ Կինոգործիչների միության նախագահ, ռեժիսոր Ռուբեն Գևորգյանցը առաջարկում է, որ դատավորներն իրենց կրկնապատկված աշխատավարձը փոխանցեն մշակույթի գործիչներին, քանի որ վերջիններս աշխատում են բավական դժվար պայմաններում ու համապատասխան վարձատրություն չեն ստանում:
Ի դեպ, Ռուբեն Գևորգյանցը նկարահանվում է Գոռ Վարդանյանի «Վրիժառու» սերիալում, որի համար, ինչպես ինքն է հավատացնում, գումար չի ստանում. ասում է «դա իմ մասնագիտությունը չէ, դրա համար ինքս եմ հրաժարվել վարձատրությունից, իսկ նկարահանվում եմ, քանի որ սցենարն եմ հավանել, հերոսը մեր ժամանակների մարդ է, ով պայքարում է կոռուպցիայի դեմ ու հաղթում չարին»:
Ռուբեն Գևորգյանցը համարում է, որ սերիալի ռեժիսուրան շտկման կարիք, իհարկե, ունի, իսկ իր դերի մասին խոսել չի կարող, քանի որ չի էլ հասցնում դիտել իրեն էկրանին:










