Վադիմ Ռեպինը կնվագի Հայաստանի երիտասարդական նվագախմբի հետ

09:42 • 09.12.08

Դեկտեմբերի 16-ին Երևանում կկայանա բացառիկ համերգ՝ ռուս աշխարհահռչակ ջութակահար Վադիմ Ռեպինի մասնակցությամբ։ Արամ Խաչատրյան համերգասրահի բեմում նա հանդես կգա Հայաստանի երիտասարդական նվագախմբի հետ, գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան։ Համերգը կայանում է մշակույթի նախարարության ֆինանսնական աջակցությամբ և ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո։

1971թ-ին ծնված Ռեպինը նվագել սկսել է դեռ մանուկ հասակում և 18 տարեկանում դարձել Թագուհի Եղիսաբեթի մրցանակին արժանացած ամենաերիտասարդ երաժիշտը։ Ավելի քան 20 տարիների ստեղծագործական կյանքի ընթացքում Ռեպինը հասցրել է նվաճել բազում բեմեր, ստանալ մի շարք հեղինակավոր մրցանակներ։

Հայաստանի Երիտասարդական նվագախումբը կազմավորվել է 2005թ. Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիայի ուսանողներից։ Այսօր էլ նվագախմբի անդամները նույն բուհում են սովորում, Սերգեյ Սմբատյանը, օրինակ, ջութակի բաժնի ասպիրանտ է։ 2008թ. հունվարից նվագախումբը դարձել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբ։