Հայաստանում բացվեց մարտի 1-ի դեպքերի լուսանկարների ցուցահանդես
Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ «ՀՀ քաղբանտարկյալների և հալածյալների պաշտպանության կոմիտեն» Հայ Ազգային Կոնգրեսի տարբեր կառույցների աջակցությամբ նախաձեռնել է մի շարք միջոցառումներ, այդ թվում` ՀԺԿ գրասենյակում Մարտի 1-ի դեպքերի լուսանկարների ցուցահանդես: Ցուցահանդեսում ներկայացված են մի քանի տասնյակ գունավոր լուսանկարներ, որտեղ պատկերված են այդ օրվա տեսարանները: Ինչպես մեր լրագրողի հետ զրույցում նշել է ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանը, ցուցահանդեսից անմիջապես հետո քաղբանտարկյալների կանայք և նախկին քաղբանտարկյալները նամակ են տանելու ՄԱԿ-ի գրասենյակ:
Քանի որ դեկտեմբերի 10-ին լրանում է Մարդու իրավուքների համընդհանուր հռչակագրի 60-ամյակը, նամակում կլինի շնորհավորանք, ինչպես նաև Հայաստանում մարդու իրավունքների պարբերաբար ոտնահարման օրինակներ: Դրանից հետո քաղբանտարկյալների կանայք և նախկին քաղբանտարկյալները պատրաստվում են երթի, որի ժամանակ նրանք ձեռքներին կունենան հետևյալ բովանդակությամբ պաստառներ.
«Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր
Հոդված 1.
Բոլոր մարդիկ ծնվում են ազատ և հավասար իրենց արժանապատվությամբ ու իրավուքներով: 10 դեկտեմբեր 1948թ.»:
Արամ Մանուկյանը նաև տեղեկացրեց, թե որն է երթին մասնակից նախկին քաղբանտարկյալների կարգախոսը:
«Ազատ, թե անազատ միասին ենք»:
«Սրանով նրանք ուզում են իշխանություններին ցույց տալ, որ թեև իրենք ազատության մեջ են, սակայն դա չի նշանակում, որ նրանք հետ են կանգնելու պայքարից»,- հավելեց Արամ Մանուկյանը:










