Սոֆիայում կայացավ հայ երաժիշտների համերգը
Երեկ Սոֆիայում կայացավ հայ մշակույթի գործիչների համերգը, որին ներկա էին նաև Հայաստանի և Բուլղարիայի նախագահները՝ Սերժ Սարգսյանը և Գեորգի Պռվանովը։ Համերգին մասնակցեցին Ջիվան Գասպարյանը, Աննա Մաիլյանը, Արմեն Մարտիրոսյանը, Ինգա և Անուշ Արշակյանները, այլք։
Հայ երաժիշտներին մեծ խանդավառությամբ ընդունեցին բուլղարական բեմում։ Ի դեպ, համերգին ներկա էին ինչպես Բուլղարիայում ապրող մեր հայրենակիցները, այնպես էլ բուլղարացիներ։
Դահլիճը հատկապես ջերմ ընդունեց դուդուկի վարպետ Ջիվան Գասպարյանին, ով երկար ժամանակ չէր կարողանում սկսել իր ելույթը ծափողջյունների պատճառով։
Երբ դահլիճը մի փոքր հանգստացավ, Ջիվան Գասպարյանը սկսեց նվագել «Դլե Յամանը», սակայն կանգնեց անմիջապես մեկնարկից հետո, նշեց, որ չափազանց հուզված է ընդունելությունից և իրեն դժվար է այդ պահին նվագել։ Ջիվան Գասպարյանը հեռացավ, սակայն վերադառնալով՝ փայլուն կատարումներ նվիրեց հանդիսատեսին, իսկ դահլիճը բուռն օվացիաներով ճանապարհեց վարպետին։
Նշենք նաև, որ Ինգա և Անուշ Արշակյանները երգեցին բուլղարերեն, ինչը նույնպես մեծ խանդավառությամբ ընդունվեց հանդիսատեսի կողմից։










