Ջազի սպասված հանդիպում 3 հայ երաժիշտների մասնակցությամբ

14:43 • 15.12.08

Արամ Խաչատրյան համերգարսահում այսօր նորից ջազ կհնչի` 3 հայ երաժիշտ ընկերների` Լևոն Մալխասյանի, Գեորգի Գարանյանի և Ալեքսանդր Զաքարյանի կատարմամբ, ովքեր նույն կազմով 2 տարի առաջ են հանդես եկել Սիբիրում մի հանդիպման ժամանակ: Իսկ Երևանում այս կազմով առաջին համերգը կլինի, կնվագեն այն, ինչ շատ արագ են որոշել. Գերոգի Գարանյանը հավատացնում է, որ համերգի համար ծրագիր ընտրելը շատ հեշտ է ջազ երաժիշտների համար, ովքեր շատ արագ են «լեզու գտնում»:

Երեկ Գեորգի Գարանյանը հասցրել է ջազ լսել երևանցի երիտասարդների կատարմամբ և ապշել է նրանց կատարողական վարպետությունից ու հնչեցրած երաժշտության բարձր որակից: Ուրախ է, որ 70-ամյա ջազ ունեցող Հայաստանում այսօր նման երիտասարդներ կան, հետևաբար ջազի ապագան էլ ապահով ձեռքերում է:

Այսօրվա համերգին կմասնակցեն նաև Նիկողայոս Վարդանյանը` կոնտրաբաս, Հայկ Շաքարյանը` դաշնամուր, և Աշոտ Հարությունյանը` հարվածային գործիքներ:

Սաքսոֆոնահար Գեորգի Գարանյանը Ռուսաստանի ժողովրդական արտիստ է, Ռուսաստանի պետական ջազ-նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը: Նա նաև խորհրդային ավելի քան 100 ֆիլմերի երաժշտության հեղինակ է:
Դաշնակահար Լևոն Մալխասյանը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ է, «Հայկական ջազ 70» կազմկոմիտեի նախագահը:
Սաքսոֆոնահար Ալեքսանդր Զաքարյանը միջազգային ջազ-փառատոնների դափնեկիր է, վերջին տարիներին ապրում և ստեղծագործում է Մոսկվայում: