Կայացավ Ջավախքի և Ախլցխայի հայկական ճարտարապետության կոթողների մասին պատմող գրքերի շնորհանդեսը
Երեկ Կամերային երաժշտության տանը կայացավ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հասարակական կազմակերպության կողմից հրատարակված «Ախլցխա» և «Ջավախք» հատորների շնորհանդեսը։ Գրքերի հեղինակն է Սամվել Կարապետյանը, այս հատորներում ներկայացված են հայ ճարտարապետության կոթողները, որոնք առկա են հայերով բնակեցված ներկայիս Վրաստանի կազմում գտնվող շրջաններում։ Ջավախքի տարածքում գտնվող հայ ճարտարապետության կոթողները զետեղված են Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հասարակական կազմակերպության կողմից հրատարակված գրքերի 9-րդ հատորում, «Ախլցխա»–ն 11-րդ հատորն է։
Շնորհանդեսի ժամանակ խոսքով հանդես եկավ գրքի հեղինակը, ով նախ հակիրճ ներկայացրեց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության կողմից հրատարակված այլ հատորների բովանդակությունը, իսկ հետո ավելի մանրամասն անդրադարձավ «Ախլցխա» և «Ջավախք» հատորներին։
Նա նշեց, որ տարիներ տևած ուսումնասիրույթյունների ընթացքում իրեն շատ ավելի հեշտ է եղել աշխատել Ջավախքի տարածքում, որտեղ գերակշռում է հայազգի բնակչությունը և որտեղ պահպանվել են մեծ թվով հայկական ճարտարապետական կոթողներ, խաչքարեր և տապանաքարեր։ Ըստ Սամվել Կարապետյանի՝ Ախլցխայում իրավիճակը միանգամայն այլ է, այստեղ լուրջ խնդիրներ կան ճարտարապետական կոթողների պահպանության հետ։ Նա ներկաների ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ Վրաստանի տարածքում պարբերաբար ոչնչացվում են հայ ճարտարապետության հուշարձանները, քանդվում են եկեղեցիները։
Իր խոսքում Սամվել Կարապետյանը կարևորեց հրատարակված գրքերի դերը և Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հասարակական կազմակերպության գործունեությունը։
«Հաճախ կարող է թվալ, որ մենք ճանաչում ենք մեր հայրենիքը, սակայն տեսեք, որ հաճախ մենք լավ չգիտենք մեր օրրանը, իսկ դա չափազանց կարևոր է», – ասաց գրքերի հեղինակը։










