Հայ արվեստագետների նախաձեռնությունը չի համապատասխանում ոստիկանների գեղագիտական ճաշակին
Դեկտեմբերի 16-ին, ժամը 17։00-ին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի գեղավերստական վարժարանի սրահում տեղի կունենա «Դիմադրություն» ցուցահանդեսի բացումը։
Ցուցահանդեսում տեղ են գտել իրավապահ մարմինների աշխատակիցներին և նրանց կողմից բռնությունը պատկերող հայ արվեստագետների աշխատանքները։
Այն կազմակերպել են «Արտ-լաբորատորիա» արվեստագետների նախաձեռնության անդամները։
Ինչպես Tert.am-ի հետ զրույցում հայտնեց «Արտ-լաբորատորիայի» անդամ, արվեստագետ Հովհաննես Մարգարյանը, ցուցահանդեսը նախատեսված էր անցկացնել ՀՀ Ոստիկանության բաժանմունքներից մեկի տարածքում։
Արվեստագետների դիմումին Ոստիկանությունը պատասխանել է, որ «ցուցահանդեսի աշխատանքները չեն նպաստում ոստիկանների գեղագիտական մակարդակի բարձրացմանը»։
Մարգարյանը նաև հայտնեց, որ բազմաթիվ ցուցասրահները Երևանում և Գյումրիյում մերժել կամ անընդունելի պայմաններ են ստեղծել տարածք տրամադրելու հարցում։
«Արտ-լաբորատորիա» նախաձեռնությունը ստեղծվել է 2008թ. 11 հայ արվեստագետբերի կողմից։
Նրանց վերջին ակցիաները նվիրված էին Մարդու իրավունքների միջազգային օրվան, Հայաստանում խոսքի ազատության ոտնահարման, Փարիզյան ուսանողական հեղափոխության 40-ամյակին։










