Թումանյանի ծննդյան օրը Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել Դսեղում
«Հովհաննես Թումանյանը բացառիկ երևույթ է ինչպես մեր գրականության, այնպես էլ հասարակական-քաղաքական կյանքում։ Իմ համոզմունքն է, որ հայ ժողովրդի յուրաքանչյուր սերունդ պարտավոր է ոչ միայն կարդալ Թումանյանին և գեղագիտական հաճույք ստանալ, այլև դասեր քաղել մի մարդուց, ում կենսագրությունը սեփական երկրին ու ժողովրդին ամբողջական նվիրման օրինակ է»,- այսօր Դսեղում Հովհաննես Թումանյանի 140-րդ ծննդյան տարեդարձի առիթով հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանն իր խոսքում։
Ամենայն հայոց բանաստեղծին նվիրված իր խոսքում նախագահ Սարգսյանը հիշեցրել է, որ հետաքրքիր զուգադիպությամբ այսօր նաև Վարդանանց տոնն է։ «Այս առիթով ես, անշուշտ, շնորհավորում եմ մեր ժողովրդին»,- ասել է Հայաստանի նախագահը ու հավելել, որ Վարդանանց սխրանքը դարեր շարունակ սերունդներին մատուցվել է որպես ազգային ինքնության, ինչպես նաև ազատությունը կյանքից վեր դասելու օրինակ։
Դսեղյան միջոցառմանը ելույթ է ունեցել նաև Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը, ինչպես նաև Դսեղի դպրոցի ուսուցչուհի Անահիտ Բեժանյանը։ Երկուսն էլ իրենց խոսքում նշել են, որ ցանկալի կլիներ, որ Դսեղը դառնար զբոսաշրջության կենտրոն, քանի որ այն իր գրավչությամբ արժանի է դրան։










