Ռուսաստանի 2 ժողովրդական արտիստները հանդես կգան երևանյան բեմում
Մարտի 9-ին, 10-ին և 11-ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի բեմում «Դեմքեր»/«Лица» ներկայացմամբ հանդես կգան Ռուսաստանի ժողովրդական արտիստներ Ալեքսանդր Կալյագինը և Վլադիմիր Սիմոնովը:
«Դեմքեր» ներկայացումը հիմնված է Ա. Չեխովի 5 հումորային պատմվածքների վրա` «На чужбине», «Психопаты», «Канитель», «Злоумышленник» и «Дипломат», որոնք լավագույնս ներկայացնում են շարքային ռուս մարդուն, նրա կենցաղն ու մտածելակերպը: Ներկայացման մեջ աշխատում են բացառապես նշված 2 դերասանները` առանց շքեղ դեկորացիաների, հագուստների: Ներկայացման պրեմիերան կայացել է 1998թ-ին, բեմադրության հեղինակը Ալեքսանդր Կալյագինն է:
Ալեքսանդր Կալյագինը և Վլադիմիր Սիմոնովը ռուսական կինոյի և թատրոնի անվանի դերասաններ են: Կալյագինը հիմնադրել և ղեկավարում է «Et Cetera» թատրոնը, նաև Ռուսաստանի թատերական գործիչների միության նախագահն է: Վլադիմիր Սիմոնովը Ե. Վախթանգովի անվան թատրոնի դերասաններից է, նկարահանվել է ավելի քան 60 ֆիլմերում, երկար տարիներ հանդես է եկել նաև Մոսկվայի գեղարվեստական թատրոնի բեմում (МХАТ):










