Մշակույթի նախարարը կենդանի երգեցողություն է պահանջում

08:42 • 25.02.09

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը պետական համերգասրահների ղեկավարներից պահանջել է իրենց հարկի տակ հյուրընկալել բացառապես կենդանի երգեցողությամբ համերգներ` նպատակ ունենալով այս կերպ նպաստել նախարարության ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ներում կայացող համերգների և միջոցառումների որակի բարձրացմանն ու պաշտպանել սպառողների իրավունքները:

Մշակույթի նախարարի N 43-Ա 18.02.09 հրամանի համաձայն`

1. պետական համերգների և միջոցառումների անցկացման նպատակով դահլիճների վարձակալության (օգտագործման) պայմանագրերում պարտադիր կարգով սահմանվում են միայն կենդանի երգեցողության (фонограмма-) ապահովման վարձակալի (օգտագործողի) պարտավորություն` բացառելով որևէ ձայնագրվածքի (фонограмма+) գործածումը.
2. այլ համերգներ և միջոցառումներ կազմակերպելու նպատակով դահլիճների վարձակալության (օգտագործման) պայմանագրերում պարտադիր կարգով սահմանվում են վարձակալի (օգտագործողի) պարտավորությունը` կենդանի երգեցողության (фонограмма-) կատարման կամ ձայնագրվածքների (фонограмма+) օգտագործման վերաբերյալ տեղադրել տեսանելի և ընթեռնելի տեղեկույթ համերգի կամ միջոցառման մասին հայտարարություններում, գովազդային հոլովակներում, ազդագրերում, բուկլետներում ու տպագիր այլ նյութերում: