«Մենք չենք ասում ոչ սեքսին կամ բռնությանը». բանավեճ եթերի շուրջ
«Տհաճ եթեր» նախաձեռնության համակարգող Նարեկ Մալյանի և գրող-հրապարակող Մարինե Պետրոսյանի միջև ասյօր բանավեճ է ծավալվել հայկական հեռուստաեթերի «մաքրույթան» թեմայով։
«Մենք երբեք կոնկրետ սերիալի ուղղվածությամբ չենք գնացել, որովհետև սերիալը հեռուստատեսային ժանր է, որը, բնականաբար, իրավունք ունի ապրել այլ ժանրերի կողքին, սակայն խոսքը գնում է բոլորովին այլ երևույթի մասին։ Խնդիրը կայանում է հեռուստադիտողի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեջ»,– այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Նարեկ Մալյանը։
Նրա խոսքով՝ նման վերաբերմունք է դրսևորվում ամբողջ հեռուստաեթերով, ինչպես լրատվական բլոկում, քաղաքական վերլուծություններում, այնպես էլ զվարճացնող բնույթի հաղորդումներում։
«Մենք պուրիտանի կեցվածք չենք ընդունել։ Օրինակ, մենք չենք ասում ոչ սեքսին կամ բռնությանը եթերում։ Մենք առաջարկում ենք, որպեսզի նմանատիպ ծրագրերը ցուցադրվեն կոնկրետ ժամերի»,– հավելել է նա։
Համակարգողն ավելացրել է, որ հեռուստադիտողները հիմնականում ընտրություն չեն ունենում, հեռուստատեսությունն ուղղակիորեն ներխուժում է բնակարան։ Եթե թատերական ներկայացման դեպքում ընտրություն կա, այն է՝ թատրոն չգնալ, ապա այս դեպքում մնում է միայն դեն նետել հեռուստացույցը։
Մարինե Պետրոսյանը հակառակ կարծիքն է հայտնել։ «Ես դեմ եմ հանդես գալիս այս շարժմանը»,– ասել է Պետրոսյանը՝ նկատի ունենալով «Տհաճ եթերը»։
Նրա կարծիքով՝ շարժումը ձեռնտու է նրանց, ովքեր նստած են վերևում։ «Օրինակ, եթե նրանք փակեն մի քանի հաղորդում, այդ ժամանակ կարող են ասել, որ ահա, մենք լսում ենք ժողովրդի ձայնը։ Դրանից հետո հեռուստադիտողը կհանգստանա, իսկ հեռուստատեսությամբ կսկսեն «գեղեցիկ բաներ» ցուցադրել»,– ասել է Պետրոսյանը։
«Երբ կյանքը տգեղ է, եթերում գեղեցկություն ցուցադրելն ամենամեծ անբարոյականությունն է»,– ասել է նա՝ ավելացնելով, որ այսօրվա ֆիլմերը համապատասխանում են իրականությանը։
Խոսելով հանրահայտ սերիալների մասին՝ Պետրոսյանը նշել է, որ այս ժանրը դարձել է «ազատության մի կաթիլ»։










