Վրաստանում 4 տարում 30 բալետ են բեմադրել. մեկնարկում են Վրաստանի մշակույթի սեզոնները
Այսօր երեկոյան Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում կհյուրընկալվի հարևան Վրաստանի գործընկերը` ավելի քան 150 տարվա պատմություն ունեցող Թբիլիսսի Զ. Փալիաշվիլու անվան օպերայի և բալետի թատրոնը: Մեկ գործողությամբ բալետների շարքը կներառի Չայկովսկու «Սերենադ»-ը, Մոցարտի «Վեց գերմանական պար»-ը և «Շարական»` վրացական ժողովրդական երգերի մոտիվներով: Այսպես կմեկնարկեն Հայաստանում Վրաստանի մշակույթի սեզոնները:
Այս օրերին Հայաստանում է գտնվում Վրաստանից ժամանած պաշտոնական պատվիրակություն, որի կազմում է նաև աշխարհահռչակ պարուհի Նինո Անանիաշվիլին: Նա այժմ Թբիլիսիի Զ. Փալիաշվիլու անվան օպերայի և բալետի թատրոնի գեղարվեստական ղեկավարն է, թողնելով իր մշտական կեցությունը Մոսկվայում ու Միացյալ Նահագներում, նախագահ Մ. Սահակաշվիլու հրավերով վերադարձել և հաստատվել է իր հայրենի քաղաք Թբիլիսիում: Այսօր նա լրագրողներին պատմեց, որ իր գործունեության նախորդ 4 տարիների ընթացքում հասցրել են 30 բալետ բեմադրել, ինչը, ըստ նրա, բացարձակ ռեկորդ է համաշխարհային մակարդակով: Փորձառու պարուհին հավատացնում է, որ նման բան հնարավոր է միայն բոլոր պայմանների ապահովման դեպքում, ինչն իրենց նախագահն արել է:
Նինո Անանիաշվիլին պատմեց, որ պրեմիերաների, իր մասնակցությամբ ներկայացումների, ինչպես նաև այլազգի արտիստների հյուրախաղերի դեպքում իրենց թատրոնում բացարձակ անշլագ են ունենում: Մյուս ներկայացումների դեպքում էլ կոնկրետ քաղաքականությամբ փորձում են հանդիսատեսին վերադարձնել թատրոն: Մասնավորապես, չեն փորձում բարձրացնել տոմսերի գները, բացի այդ կիրակի օրերին հատուկ աբոնեմենտներ են սահմանել դպրոցականների համար, ովքեր, փաստորեն, սովորում են թատրոն գնալ ու վաղը համալրելու են իրենց այցելուների շարքերը:
Վիճակը մի փոքր այլ է օպերայի պարագայում, որտեղ խնդիրներն ավելի դանդաղ են հաղթահարվում, թեև իրենք կրկին մեծ ջանքեր են գործադրում:
Մարտի 5-ին նույնպես հայ հանդիտատեսին կներկայացվեն վրացական մեկ գործողությամբ բալետներ` Նինո Անանիաշվիլու մասնակցությամբ: Ծրագրում ներառված են` Վիվալդի` «Green», Էտո, Յամագուչ, Տոշա` «Երազներ Ճապոնիայի մասին»: Իսկ մարտի 9-ին վրացական մշակույթը Հայաստանում կներկայացնի Վրաստանի սիմֆոնիկ նվագախումբը:
Նինո Անանիաշվիլին կրում է Վրաստանի «Պատվո շքանշան» տիտղոսը, Խորհրդային Վրաստանի, ապա նաև Ռուսաստանի ժողորդական արտիստ կոչումները: Նա Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի կինն է, ինչպես նաև նախագահ Միխաիլ Սահակաշվիլու կրտսեր որդու կնքամայրը:










