Վրացական ազգային ոգին` ժամանակակից բալետում
Վրացական ժամանակակից բալետի ձեռքբերումներն ազգային երաժշտության հետ միախառնելու գաղափարը Վրաստանի պետբալետի գեղարվեստական ղեկավար Նինո Անանիաշվիլին վստահել էր ռուսական Մեծ թատրոնի իր գործընկեր, պարուսույց Յուրի Պոսոխովին, ով «Շարական» /Sagalobeli/ բալետում ստեղծել է վրացական ազգային ոգին արտահայտող բեմական պատկեր` արտահայտված բալետային պլաստիկայով:
Երևանյան բեմում «Շարական»-ը ներկայացավ Վրաստանի մշակույթի սեզոնների շրջանակներում: Մեր ազգային օպերայի բեմում «Չանգի» խումբը ժողովրդական նվագարաններով կատարում էր վրացական ազգային երաժշտություն, որի հնչյունների ներքո Թբիլիսիի պետբալետի կատարողները մատուցեցին ժողովրդական պարն` արտահայտված բալետում: Ներկայացսումը միայն մեկ տարվա կյանք ունի, պրեմիերան կայացել է 2008թ. փետրվարի 2-ին:
Վրացական սեզոնների բացման կապակցությամբ երևանյան բեմ բարձրացավ նաև վրացական ժամանակակից բալետի մեկ այլ նորարար ներկայացում. սևի և սպիտակի գունային մինիմալիզմով, շրջապատին արհամարհող և պատմությունը հեգնող նուրբ ծաղրով ու ճկուն պարային պլաստիկայով ներկայացան Մոցարտի «Վեց պարերը»:
Վրացական մեկ գործողությամբ բալետների ևս մի երեկո կկայանա մարտի 5-ին, երբ բեմական իր փորձը Երևանում կմատուցի ինքը` Նինո Անանիաշվիլին:










