Հայաստանի պետական կամերային երգչախումբը ակտիվ տարի է խոստանում

14:50 • 04.03.09

Մարտի 7-ին Կանանց միջազգային տոնին նվիրված համերգով Հայաստանի պետական կամերային երգչախումբը կսկսի գարնանային համերգաշրջանը: Տոնական համերգի ընթացքում կհնչեն Կոմիտաս, Մանսուրյան, Բրամս, մի քանի նոր հեղինակների գործեր: Երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը անակնկալներ է խոստանում տոնական համերգի հանդիսատեսին:

Այնուհետև երգչախումբը կշարունակի ակտիվ համերգաշարը: Նախատեսել են համերգներ մարզերում ու նաև արտերկրում: Մայիսին կմասնակցեն «Ազգային պատկերասրահ» երաժշտական փառատոնին, որի ընթացքում հանդես կգան հայ հանդիսատեսին անծանոթ ուղղափառ հոգևոր երաժշտության կատարումներով:

Հայաստանի պետական կամերային երգչախումբը պատրաստվում է ակտիվ մասնակցություն ունենալ նաև Կոմիտասի 140-ամյակին նվիրված միջոցառումներին: Մասնավորապես հենց նրանց մասնակցությամբ աշնանը Կոմիտասի հոբելյանը կնշվի մի քանի եվրոպական երկրներում:

Հայաստանի կամերային երգչախումբը հիմնվել է 2000թ., իսկ 2008թ. ստացել պետական կարգավիճակ: Երգչախումբը կազմված է 35 երաժիշտներից, ունի բազմաբնույթ ծավալուն երգացանկ: Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը «Մովսես Խորենացի» մեդալակիր է, արվեստի վաստակավոր գործիչ: