«Սուրեն Չանչուրյանը նշանակալի ներդրում ունի հայ պարարվեստում», գրել է Սերժ Սարգսյանը
Հայաստանի ժողովրդական արտիստ, Հայաստանի պարի պետական անսամբլի երկարամյա գեղարվեստական ղեկավար Սուրեն Չանչուրյանի մահվան կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Չանչուրյանների ընտանիքին։
Ըստ նախագահի մամուլի գրասենյակի, ուղերձում ասված է.
«Ցավով ստացա Հայաստանի ժողովրդական արտիստ, Հայաստանի պարի պետական անսամբլի երկարամյա գեղարվեստական ղեկավար Սուրեն Չանչուրյանի մահվան լուրը։
Սուրեն Չանչուրյանը մեր մշակույթի երախտավորներից է, որ նշանակալի ներդրում ունի հայ պարարվեստի զարգացման գործում։ Նրա արվեստը բարձր է գնահատվել թե՛ մասնագետների, թե՛ հանդիսականների շրջանում, և նա արժանիորեն վայելել է մեծ ժողովրդականություն։
Սուրեն Չանչուրյանն իր գործընկերների հետ տասնամյակներ շարունակ աշխարհի ամենատարբեր բեմերում հիացմունքի ու երախտագիտության ծափերի է արժանացել։ Ծափեր, որոնք ուղղված են եղել հայ արվեստին ու ժողովրդին։
Խորին ցավակցություն եմ հայտնում Սուրեն Չանչուրյանի ընտանիքին, հարազատներին ու գործընկերներին, ինչպես նաև նրա բարձր արվեստի երկրպագուներին»։










