Ապրիլի 1-ի պատմությունը

12:05 • 01.04.09

Այս օրը հիշարժան ամսաթվերի և համազգային տոների օրացույցների մեջ նշված չէ, բայց այն, հիրավի, կարելի է դասել միջազգային տոներին, քանի որ այն միևնույն հաջողությամբ նշվում է թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում, թե՛ Գերմանիայում, թե՛ Անգլիայում, թե՛ Ֆրանսիայում, թե՛ Սկանդինավյան երկրներում և նույնիսկ Արևելքում։

Որոշ երկրներում ապրիլի 1-ը Հումորի օր են կոչում, իսկ որոշ երկրներում՝ Հիմարի օր։

Ոմանք դասում են այս տոնը Հին Հռոմին, որտեղ փետրվարի կեսերին (այլ ոչ թե ապրիլի սկզբին) տոնում էին Հիմարների տոնը։ Ոմանք էլ պնդում են, որ այդ տոնը սերում է հին Հնդկաստանից, որտեղ մարտի 31-ին նշում էին կատակների տոնը։

Ինչպես նշված է Վիկիպեդիայում, կա ևս մեկ վարկած, ըստ որի՝ ապրիլի մեկին կատակելու սովորությունը կապված է Նոր տարվա տեղափոխության հետ։ Մինչև 16-րդ դարի երկրորդ կեսը եվրոպական Նոր տարին սկսվում էր մարտի վերջին։ Մարդիկ պատրաստվում էին այդ տոնակատարությանը, միմյանց տներ հյուր գնում, նվերներ ընծայում։ Ավելի ուշ՝ Ֆրանսիայի թագավորի հրահանգով, տարվա սկիզբը սկսեցին պաշտոնապես նշել հունվարի մեկին, սակայն շատերը շարունակում էին տոնել ապրիլի 1-ին։ Հին ավանդույթներն արմատախիլ անելու համար այդ մարդկանց սկսեցին կոչել «ապրիլմեկյան հիմարներ», նրանց վրա ծիծաղում էին և կատակում։