«Տեներիֆե»-ի հարձակվողի մահվшն գործով քննություն է սկսվել. նրա հետ բախվшծ դարպասապահին uպառնում է 4-ից 12 խաղով որակազրկում

13:04 • 04.11.26

Իսպանական ֆուտբոլը ցնցած ողբերգական միջադեպից հետո «Անդորրայի» դարպասապահ Խեսուս Օվոնոն շարունակում է մնալ իրավապահների և մարզական հանրության ուշադրության կենտրոնում։ Իսպանիայի ազգային ոստիկանությունը պաշտոնական հետաքննություն է սկսել «Տեներիֆեի» 30-ամյա հարձակվող Խեսուս դե Միգելի մահվան հանգամանքները պարզելու համար, իսկ համացանցում դարպասապահի անունից տարածված զղջման խոսքերը պաշտոնապես հերքվել են։

Ողբերգությունը տեղի է ունեցել նոյեմբերի 2-ին՝ Իսպանիայի երկրորդ դիվիզիոնի «Տեներիֆե» – «Անդորրա» հանդիպման վերջնամասում։ 2։2 հաշվի պայմաններում Օվոնոն գնդակին տիրելու համար դուրս է եկել դարպասից և ամբողջ թափով բախվել դեպի գնդակը շտապող Դե Միգելին՝ ծնկով հարվածելով նրա կրծքավանդակին։ Հարձակվողն անմիջապես կորցրել է գիտակցությունը։ Թեև մարզադաշտում հերթապահող բժիշկներին հաջողվել է տեղում վերականգնել ֆուտբոլիստի սրտի աշխատանքը և նրան տեղափոխել վերակենդանացման բաժանմունք, նոյեմբերի 3-ի առավոտյան գրանցվել է վերջինիս մահը։ Խաղի գլխավոր մրցավարն այդ դրվագում Օվոնոյին պատժել էր ուղիղ կարմիր քարտով, իսկ հանդիպումը դադարեցվել էր 108-րդ րոպեին։

Գործին արդեն միջամտել է Իսպանիայի ազգային ոստիկանության սպանությունների բաժինը, իսկ քննությունն անցել է դատական վերահսկողության ներքո։ Ինչպես հաղորդում է RTVE-ն, սա պարտադիր իրավական ընթացակարգ է ոչ բնական մահվան բոլոր դեպքերի համար և դեռևս չի ենթադրում, որ դարպասապահին քրեական մեղադրանք է առաջադրվել։

Կանարյան կղզիների գլխավոր դատախազ Խոսե Լուիս Սանչես-Խաուրեգին ընդգծել է, որ քրեական հետապնդման հեռանկարը բավականին բարդ է, քանի որ միջադեպը տեղի է ունեցել զուտ խաղային իրավիճակում։ Քննիչները նախ պետք է մանրակրկիտ ուսումնասիրեն մրցավարի արձանագրությունն ու Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի եզրակացությունը՝ պարզելու համար, թե արդյոք դարպասապահի գործողության մեջ եղել է դիտավորություն կամ ծայրահեղ անզգուշություն։

Մինչ իրավապահները քննում են իրավական կողմը, elDiario-ն հայտնում է, որ մարզական մասով Օվոնոյին սպառնում է 4-ից 12 խաղով որակազրկում։ Պատիժը կարող է կիրառվել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կանոնակարգի 102-րդ հոդվածի հիման վրա, որը վերաբերում է խաղային դրվագում ծանր հետևանքների հանգեցրած վտանգավոր գործողություններին։

Ողբերգության ֆոնին սոցիալական ցանցերում լայն տարածում էր գտել X-ում հրապարակված մի գրառում, որտեղ Օվոնոն իբր ներողություն էր խնդրում մահացած ֆուտբոլիստի ընտանիքից՝ կատարվածը որակելով որպես դժբախտ պատահար։ RTVE-ի փաստերի ստուգման ծառայությունն ու «Անդորրա» ակումբը, սակայն, պաշտոնապես հերքել են դրա իսկությունը։ Պարզվել է, որ գրառումը կատարվել է ֆան-էջի կողմից, որը ներկայացել է որպես դարպասապահի պաշտոնական հաշիվ, մինչդեռ Օվոնոյի իրական էջը 2024 թվականից ի վեր ակտիվ չէ։

Իրավիճակն այնքան է թեժացել, որ տուժել է նույն ազգանունը կրող մեկ այլ խաղացող՝ Միշել Օվոնոն։ Վերջինս ահազանգել է, որ օգտատերերը սխալմամբ իրեն են նույնականացնում «Անդորրայի» դարպասապահի հետ՝ անձնական նամակներով ուղարկելով բազմաթիվ սպառնալիքներ և ռասիստական վիրավորանքներ։

Կատարվածը ցնցել է ողջ եվրոպական ֆուտբոլը։ «Տեներիֆեն» և «Անդորրան» հանդես են եկել ցավակցական ուղերձներով։ Անդորրական ակումբի սեփականատեր, «Բարսելոնայի» նախկին պաշտպան Ժերար Պիկեն սոցցանցերում գրել է․ «Ամբողջ հոգով ցավում եմ։ Հանգչիր խաղաղությամբ, Խեսուս»։

Ցավակցություններին միացել են Լա Լիգան, Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան և տասնյակ ակումբներ։ «Տեներիֆեն» նաև հայտնել է, որ նոյեմբերի 7-ին հարազատ մարզադաշտում հատուկ հարգանքի տուրք կմատուցվի Խեսուս դե Միգելի հիշատակին։

Աղբյուրը`ArmSport.am