Բրազիլահայ արվեստագետի ցուցահանդեսը՝ Արգենտինաում
Արգենտինայի Կորդոբա նահանգի խորհրդարանի Ռեխինո Մադերս սրահում մարտի 7–ին բացվել է բրազիլահայ տաղանդավոր ճարտարապետ ու լուսանկարիչ Ստեփան Նորայր Շահինյանի «ԷքսպոԱրմենիա» խորագիրը կրող Հայաստանին նվիրված լուսանկարների ցուցահանդեսը։
ՀՀ արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ` ցուցահանդեսների շարքը նախաձեռնվել է Բուենոս Այրեսի ՀԲԸՄ մասնաճյուղի վարչության կողմից՝ «Ռիթեքս» ընկերության ֆինանսական աջակցությամբ և հովանավորվում է Արգենտինայում Հայաստանի դեսպանության կողմից։
Հայաստանի մասին պատմող լուսանկարների առաջին ցուցադրությունը կայացել է 2009թ. սկզբին Բուենոս Այրեսի ՀԲԸՄ մասնաճյուղի Սարգիս Բենկլյան սրահում։ Կորդոբայում մեկշաբաթյա ցուցադրումից հետո, «ԷքսպոԱրմենիա»-ն կներկայացվի Մար դել Պլատայում, Նեուկենում, Ռիո Նեգրոյում, Չիպոլետտիում, Միսիոնեսում և այլ հայաբնակ բնակավայրերում։










