Կայացավ «Խաչմերուկի Արվեստանոցի» «արտադրանքի» ցուցադրումը

17:14 • 02.04.09

Այսօր «Մոսկվայի» տանը կայացավ «Ինտերնյուս» հասարակական կազմակերպության «Արվեստանոց խաչմերուկում» նախագծի շրջանակներում նկարահանված կարճամետրաժ ֆիլմերի շնորհանդես–ցուցադրումը։

Նախագիծը սկսել է իրականացվել 2006 թվականին և կոչված է պայմաններ ստեղծել՝ Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի լրագրության և ռեժիսուրայի ֆակուլտետներում սովորող ուսանողների համար, որպեսզի վերջիններս կարողանան պրոֆեսիոնալ մակարդակի վրա շփվեն ու համատեղ աշխատեն ֆիլմերի վրա։ Ստեղծագործական մեկ խմբում ընդգրկված են տարբեր երկրների երկու ուսանողներ։ Ֆիլմերի տևողությունը կազմում է մոտ 7 րոպե։

Այս տարվա փետրվարին Թբիլիսիի «Ռուստավելի» կինոթատրոնում կայացավ նախագծի լավագույն ֆիլմերի մրցանակաբաշխությունը։

«Փառատոնի լավագույն ֆիլմ» մրցանակը շնորհվեց «Ստոպ» կարճամետրաժ կինոնկարին, որի համահեղինակներ էին Դաչի Իչուաիձեն /Վրաստան/ և Մելինե Հակոբյանը /Հայաստան/։ Ֆիլմը պատմում է վրաց պացիֆիստների մասին, ովքեր հակագազեր են կրում՝ «չշնչելու ռազմական գաղափարներով լի օդը»։

«Արդիական թեմա» անվանակարգում գլխավոր մրցանակին արժանացավ «Էկոլաբիրինտ» կինոնկարը, որը պատմում է Թեղուտի անտառների հիմնախնդրի մասին։ Ֆիլմի հեղինակներն են Անի Եղիազարյանն ու Վաֆա Ջաֆարովան։