«Հայաստան» բրենդը պիտի տարածվի մշակույթի հանրահռչակման ծրագրով
Հայաստանի նկատմամբ միջազգային հետաքրքրություն առաջացնելու, համաշխարհային մակարդակով մեր մշակույթի դերն ու նշանակությունը բարձրացնելու, մեր երկիրը որպես հին ու նոր մշակութային բացահայտումների վայր ներկայացնելու նպատակով Մշակույթի նախարարությունը նախաձեռնել է Արտերկրում հայկական մշակույթի հանրահռչակման համալիր ծրագիր, որի համար տեղում մրցույթ է հայտարարված: Մրցույթին իրենց ներկայացրած ենթածրագրերով կարող են մասնակցել արվեստի և մշակույթի ոլորտում Հայաստանում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպություններ, ստեղծագործական միություններ, պետական ոչ առևտրային և առևտրային կազմակերպություններ:
Նախարարությունը պատրաստ է ֆինանսավորել «հայկական բրենդի» միջազգայնացմանն ուղղված այնպիսի մշակութային ծրագրերի, որոնք կարող են.
- ապահովել Հայաստանի ընկալելի բրենդինգը տարածաշրջանային և միջազգային մակարդակներում
- հասնել հայկական մշակույթի գործիչների ու մշակութային հաստատությունների երաշխավորված մասնակցությանը միջազգային կարևոր մշակութային գործընթացներին և համագործակցությանը արտերկրի գործընկերների հետ
- ապահովել օտարազգի արվեստասերների և արվեստագետների հարաճուն մասնակցությունը Հայաստանում և արտերկրում կազմակերպվող հայկական մշակութային իրադարձություններին
- ապահովել հայկական մշակույթի պատշաճ ներկայացվածությունը համացանցում:
Արտերկրում հայկական մշակույթի հանրահռչակման ծրագրի համար հայտեր պետք է ներկայացնել մշակույթի նախարարություն:










