Երևանը պասիվություն է ցուցաբերում «Երգող Հայաստան» մրցույթի հանդեպ

14:55 • 04.04.09

«Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի հանրապետական 4-րդ մրցույթը, որը կբացվի ապրիլի 6-ին, նվիրված կլինի Կոմիտասի 140-ամյակին։ Այդ մասին այսօր մամուլի ասուլիսին հայտարարել է Հայաստանի երաժշտական միության նախագահ Դավիթ Ղազարյանը։

Ըստ վերջինիս՝ այս տարի մրցույթին մասնակցելու համար Հայաստանի տարբեր մասերից հայտեր է ներկայացրել 107 երգչախումբ։

«Տարեցտարի մենք մասնակիցների աճ են արձանագրում, երեխաների մոտ հետաքրքրություն է առաջացել, աշխուժություն, սակայն կատարման մակարդակը դեռևս այն չէ»,- նշել է Ղազարյանը։
Ըստ Ղազարյանի՝ ակտիվության ամենաբարձր մակարդակն է ցուցաբերում Կոտայքի մարզը. այդ մարզից մրցույթին կմասնակցի 29 համույթ։ Լեռնային Ղարաբաղը նույնպես ակտիվ է՝ 8 համույթ։ Իսկ ահա մայրաքաղաքն այս տարի պասիվ դերում է։

Ղազարյանն անդրադարձել է նաև Լոռվա մարզին։
«Այս անգամ ևս Լոռին շարունակում է քնել։ Այս մարզից մրցույթին ոչ մի մասնակից չկա»,- նշել է նա։
Խոսելով մրցույթի անցկացման կանոնակարգի մասին՝ Ղազարյանը տեղեկացրել է, որ «Երգող Հայաստանը» երկու փուլով կընթանա։ Առաջին փուլը կկայանա ապրիլի 6-28-ը մայրաքաղաքում և մարզերում, իսկ երկրորդը՝ մայիսի 2-4-ը՝ Երևանում։

Նշենք, որ գալա համերգը և հաղթողների պարգևատրումը տեղի կունենա մայիսի 12-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիահի դահլիճում։

Հայաստանի երաժշտական ընկերության նախագահը նաև տեղեկացրել է, որ մրցելու են նաև երաժշտական դպրոցների համույթներ, ինչպես նաև միջնակարգ դպրոցների երգչախմբեր։

Մրցույթի կազմակերպիչներն են Մշակույթի նախարարությունը, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» ասոցիացիան և Երաժշտական ընկերությունը։