Վաղը Ծաղկազարդ է

10:29 • 04.04.09

Զատկին կամ սբ. Հարության տոնին նախորդող կիրակի օրը Հայ առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդը, որը խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ:

Ժողովուրդն այն ընդունել է խանդավառությամբ` ձիթենու և արմավենու ճյուղերը, ինչպես նաև իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա:

Հիսուսի առջև հանդերձները նետելը, ըստ եկեղեցու հայրերի, խորհրդանշել է մեղքերի ծածկույթից ազատվելը, իսկ ոստեր և ճյուղեր ընծայելը` առանձնակի պատիվներ և հանդիսավորություն: Ձիթենին համարվել է իմաստության, խաղաղության, հաղթանակի և փառքի խորհրդանշան: Ձիթենու և արմավենու ճյուղերի ընծայումը Քրիստոսին խորհրդանշում է մահվան հանդեպ հաղթանակը:

Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է Ծաղկազարդի նախատոնակը, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը ժամերգությունից հետո մատուցվում է Ս. Պատարագ: Ծաղկազարդի առավոտյան եկեղեցում օրհնվում են ձիթենու կամ ուռենու ոստերը և բաժանվում ժողովրդին:

Ծաղկազարդի օրը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ հռչակված է որպես մանուկների օրհնության օր և եկեղեցիներում մանուկների օրհնության կարգ է կատարվում: