Հայաստանում չկան թավջութակների դպրոցներ, բողոքում են մասնագետները

14:19 • 04.04.09

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն այսօր կբացվի թավջութակահարների երկրորդ հանրապետական փառատոնը՝ նվիրված ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Գերոնտի Թալալյանին։

«Այս անգամ մենք շեշտը դնում ենք թավջութակի ավանդույթների վերականգմանը մարզերում։ Բազմաթիվ մարզերում դժվար իրավիճակ է ստեղծվել, չկան թավջութակահարների դպրոցներ»,- այսօր մամուլի ասուլիսին ասել է փառատոնի գեղարվեստական ղեկավար Արամ Թալալյանը։

Նրա խոսքերով՝ թավջութակահարների դպրոցը զարգացած է միայն Կոտայքի մարզում։
Խոսելով փառատոնի մասնակիցների մասին՝ Թալալյանը նշել է, որ այս տարի ցանկացողների մեծ բանակ կա։ Փառատոնին կմասնակցի 25-30 դպրոցականներ, ուսանողներ և երիտասարդ երաժիշտներ։ Փառատոնին, բացի հայ երաժիշտներից, մասնակցելու են նաև թավջութակահարներ Թուրքիայից և Շվեյցարիայից։

Գեղարվեստական ղեկավարը նաև նշել է, որ առաջին փառատոնը, որը կայացել է նախորդ տարի, ստացել է դրական արձագանքներ։ Փառատոնի չորս մասնակիցներ դարձել են Մինսկում, Մոսկվայում և Ռիգայում տեղի ունեցած միջազգային մրցույթների դափնեկիրներ։

Իր հերթին, «Կոմիտասի» քառյակի ղեկավար Արման Բադալյանը հավելել է, որ փառատոնը կմեկնարկի թավջութակահարների անսամբլի ելույթով։

«Նույն բեմի վրա հանդես կգան միանգամից մի քանի երաժիշտներ, նման բան հազվադեպ է լինում»,- նշել է նա։
Արման Բադալյանը նշել է, որ փառատոնը կտևի մինչև հունիսի 26-ը։ Փառատոնի ողջ ընթացքում մասնակիցները մայրաքաղաքում, մարզերում և Լեռնային Ղարաբաղում 12 համերգ կտան։ Բացի համերգներից, փառատոնի շրջանակներում նախատեսված են նաև վարպետության դասեր։

Հավելենք, որ փառատոնի կազմակերպիչն է «Կոմիտաս» քառյակը՝ Հայաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ։