«Ազգային պատկերասրահ» երաժշտական փառատոնը կբացվի ապրիլի 22–ին

13:33 • 09.04.09

Ապրիլի 22-ից մայիսի 29-ը կանցկացվի «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական հինգերորդ փառատոնը, տեղեկացնում է ՀՀ Մշակույթի նախարարության կայքը։

Փառատոնը հիմնադրվել է 2005 թվականին: Պատկերասրահներում, թանգարաններում անցկացվող երաժշտական փառատոների, համերգաշարերի գաղափարը նոր չէ. այն տասնամյակներ շարունակ հաջողությամբ իրագործվում է աշխարհի մշակութային կենտրոններում։

«Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնի հիմնական նպատակը հանրահայտ, ինչպես նաև Հայաստանում ճանաչում չունեցող տաղանդաշատ երաժիշտների, նվագախմբերի կատարմամբ հայ և համաշխարհային դասական երաժշտարվեստի նմուշների ներկայացումն է հանդիսատեսին, արվեստասեր հասարակայնությանը:

Այն նաև ունի դասական երաժշտության հանրահռչակման, հայ կատարողական արվեստի վերջին ձեռքբերումները ներկայացնելու խնդիր։

Փառատոնի հիմնադիրներն են Մարիամ Շահինյանը և Գարիկ Նազարյանը:

Գեղարվեստական խորհուրդը ղեկավարում է մեծագույն կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանը: Խորհրդի անդամներ են Սվետլանա Նավասարդյանը, Տիգրան Մանսուրյանը, Փարավոն Միրզոյանը, Բարսեղ Թումանյանը, Սերգեյ Սարաջյանը, Մարգարիտա Ռուխկյանը, Երվանդ Երկանյանը, Արաքս Դավթյանը:

«Ազգային պատկերասրահ» Միջազգային Երաժշտական Փառատոնը իրականացնում է «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը: