«Հռենոսից մինչև Դանուբ» կամ ավստրոգերմանական երաժշտություն հայերի կատարմամբ

10:32 • 11.04.09

Երեկ կամերային երաժշտության տանը հնչել է Յ. Ս. Բախի «Ս. Զատիկ օրատորիան»` դիրիժոր Զավեն Վարդանյանի գլխավորությամբ, մենակատարներ Հենրիետա Հարությունյանի, Աննա Մայիլյանի, Կարո Խաչատրյանի և Խաչիկ Մաթևոսյանի, երգեհոնահար Աննա Բակունցի և Հայաստանի պետական կամերային երգչախմբի մասնակցությամբ, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Ռոբերտ Մլքեյան: Համերգը նախաձեռնել և իրականացնում էր Գերմանիայի Դաշնային հանրապետության դեսպանությունը` մշակույթի նախարարության աջակցությամբ:

Այս համերգը կայանում էր Հայաստանում Գերմանիայի շաբաթների շրջանակում, ինչպես նաև ազդարարում էր «Հռենոսից մինչև Դանուբ» խորագրով գերմանական և ավստրիական համերգաշարի մեկնարկը, որ կազմակերպել է դիրիժոր Զավեն Վարդանյանը: Վերջինս դեռ անցած տարվա նոյեմբերին Հայաստանում Գերմանիայի դեսպանից որպես նվիրատվություն ստացել էր Գյոթեի անվան ինստիտուտի տրամադրած նոտաներ` դրանց թվում Շտրաուսի տարբեր ստեղծագործություններ և Վագների «Աստվածների կործանումը» և «Տրիստան և Իզոլդա» օպերաների նոտաները: «Հռենոսից մինչև Դանուբ» համերգաշարը նպատակ ունի Հայաստանում ներկայացնել գերմանացի և ավստրիացի կոմպոզիտորների երգեցողական երաժշտությունը:

Զավեն Վարդանյանը Մենակատարների պետական կամերային անսամբլի գեղարվեստական ղեկավարն է, 1979թ-ին հիմնել և մինչև 1990թ-ը ղեկավարել է Երևանի կամերային նվագախումբը, իսկ 1994-2000թթին որպես դիրիժոր է աշխատել Երևանի օպերային թատրոնում: