«Հիսուսից երիտասարդ». հայաստանցի արվեստագետն ԱՄՆ–ում վերաիմաստավորում է հեղափոխության գաղափարը
Հետաքրքիր է՝ արդյո՞ք մեր մշակույթի նախարարությունում տեղյակ են, որ գոյություն ունի Younger than Jesus (Հիսուսից երիտասարդ) ժամանակակից արվեստի տրիենալեն, որն արդեն իսկ կարելի հեղինակավոր անվանել, թեև այս տարի այն անցկացվում էր առաջին անգամ։ Ինչպես գրում է New York Times օրաթերթը տրիենալեին նվիրված հոդվածում, այն ստեղծվել է հանրահայտ Whitney Biennial–ի մենաշնորհը և գերիշխանությունը «մեղմելու» համար։
Մշակույթի նախարարությունում հավանաբար նաև տեղյակ չեն, որ այս տրիենալեին մասնակցության հրավեր էր ստացել Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Խաչատրյանը։

Սա պարզապես նշելու համար, որ ժամանակակից արվեստը մշակույթի նախարարության առանձնապես չի հետաքրքրում։ Սակայն այն հետաքրքրում է New York Times-ի արվեստի բաժնի լրագրողներին, ովքեր լուսաբանել են տրիենալի ընթացքը։
«Հիսուսից երիտասարդ» տրիենալեին մասնակցում են 50 արվեստագետ 25 երկրներից։ Բոլոր արվեստագետները պետք է լինեն 33 տարեկանից ցածր, ինչպես պահանջում է տրիենալեի անունը։ Նախկին ԽԱՀՄ երկրներից Տիգրանը միակ ներկայացուցիչն է։
Հայաստանցի արվեստագետը ներկայացրել էր «Սկիզբը» տեսաֆիլմը՝ վիդեո–արտ ոճում։ Տիգրան Խաչատրյանի գործն այնքան հետաքրքիր և ինքնատիպ է եղել, որ դրան հատուկ անդրադարձել է New York Times–ի հոդվածագիրը։

«Շոուի առավել հետաքրքիր գործերն առանձնանում են հուզիչ բնույթով», – ասված է New York Times–ի հոդվածում։
«Հայ արվեստագետ Տիգրան Խաչատրյանի արագընթաց և դինամիկ վիդեոն ներառում է տեսարաններ Սերգեյ Էյզենշտեյնի «Պոտյոմկին զրահանավը» ֆիլմից և սքեյտբորդիստների անհաջող վայրէջքները պատկերող հատվածներ։ Արվեստագետը վերաիմաստավորում է հեղափոխության գաղափարը»։
Արվեստագետի ֆիլմը, իրոք, տպավորիչ է իր բացառիկ դինամիկայով։ Ինչպես մեզ հետ զրույցում նշեց Տիգրան Խաչատրյանը, ֆիլմում միմիայն օգտագործվել են կադրեր, որոնք կարելի է գտնել ինտերնետային տարբեր կայքերում։
Ամերիկյան օրաթերթի անդրադարձը պատահական չի եղել. արվեստի քննադատներն առանձնացել են Տիգրանի աշխատանքը որպես ամենաբացառիկներից մեկը։
Իսկ այս պատմության, գուցե, ամենաուշագրավ հատվածն այն է, որ Տիգրան Խաչատրյանը հրավեր է ստացել այցելել Նյու Յորքում անցկացվող տրիենալեն, սակայն չի կարողացել մեկնել ԱՄՆ։
ԱՄՆ դեսպանատունը պարզապես մերժել է արվեստագետին՝ չտրամադրելով մուտքի արտոնագիր...










