Դոն Ասկարյանի «14 տեսակի Արարատ»-ը եվրոպական հեռուստաէկրանին
Այսօր եվրոպական 3 SAT հեռուստաընկերության էկրանին կցուցադրվի Դոն Ասկարյանի «Արարատ` 14 տեսակ» ֆիլմը, որ նկարահանվել է 2007թ-ին և վավերագրական դրամայի մեջ ամփոփում է ռեժիսորի յուրահատուկ հայացքը դեպի սրբազան լեռն ու դրա խորհուրդը: Դոն Ասկարյանը ֆիլմի վրա աշխատել է շուրջ 5 տարի` նկարահանելով Արարատը 14 դիտակետերից, պրեմիերան կայացել է 2007թ-ին Ռոտերդամի փառատոնում:
«Արարատ` 14 տեսակ» ֆիլմի սցենարի հեղինակը նույնպես Դոն Ասկարյանն է, ով իր պատմությունը հիմնել է Ի. Բունինի և Ա. Դելֆինովի 2 պատմվածքների վրա: Ասկարյանը նաև նկարահանվել է ֆիլմի դերասանական կազմում` հանդես գալով Միքայել Վաթինյանի, Արտակ Պողոսյանի, Սերգեյ Թովմասյանի և ուրիշների կողքին: 75 րոպեանոց ժապավենում ռեժիսորը վերհանել է մեծ կարևորություն ունեցող կրոնական ու մշակութային հարցեր` արտահայտելով դրանք Արարատի ստվերում:
Դոն Ասկարյանը ծնվել է 1949թ-ին Ստեփանակերտում: Կրթություն է տացել Մոսկվայում, 1975-77թթ-ին ձերբակալվել է խորհրդային իշխանությունների կողմից, իսկ 1978թ-ից տեղափոխվել և հաստատվել է Գերմանիայում:










