«Սահման»-ը կհատի նաև Միացյալ Նահագների սահմանը

15:39 • 15.04.09

Ապրիլի 17-26-ը Հյուսթոնի 42-րդ համաշխարհային կինոփառատոնի շրջանակներում կկայանա Հարություն Խաչատրյանի «Սահմանը» ֆիլմի ամերիկյան պրեմիերան: Ֆիլմը նաև ընդգրկված է փառատոնի REMI մրցանակի 5 հավակնորդների շարքում:

«Սահման»-ը հայ–ադրբեջանական սահմանը հատող գոմեշի մասին է, վերջինս գլխավոր հերոսն է, ում օգնությամբ ռեժիսորը բացահայտում է հայ-ադրբեջանական սահմանին ապրող մարդկանց կյանքը, պատերազմական իրավիճակի հետևանքները: Ֆիլմի հիմքում իրական պատմություն է, որի ականատեսն է եղել Հարություն Խաչատրյանը: Ֆիլմի ավարտին ծնվում է գոմշուկը` 2 հարևան երկրները բաժանող փշալարերի արանքում ու չի կողմնորոշվում` որ կողմն անցնել:

«Սահման»-ի նկարահանումները տևել են 2 տարի, Հարություն Խաչատրյանը պատմեց, որ շատ դժվար է նկարահանել գոմեշին, ում երբեք հնարավոր չէ ստիպել որևէ բան:

«Սահման»-ի պրեմիերան կայացել է հունվարին Ռոտերդամի փառատոնում, այնուհետև այն հրավիրվել է Փարիզ` որպես Պոմպիդու կենտրոնում կայացող ամենամյա փառատոնի բացման ֆիլմ:

Հունիսին Մոսկվայի փառատոնի շրջանակներում կկայանա Հարություն Խաչատրյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրություն, իսկ հուլիսին ֆիլմը կցուցադրվի «Ոսկե Ծիրան» փառատոնի շրջանակներում: