«Ժանգոտ բանալի». նոր ներկայացում նորից քաղաքական թեմաներով
Երեկ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում կայացավ վերջին շրջանի թերևս ամենասպասված պրեմիերան. վերջապես բեմ բարձացավ «Ժանգոտ բանալի»-ն: Վահրամ Սահակյանի սցենարով բեմադրված այս ներկայացումն անդրադարձ է վերջին 1-2 տարիների հայաստանյան ներքաղաքական կյանքին, նաև հնարավոր զարգացումների և քաղաքական լուծումների որոշակի կանխատեսում:
«Ժանգոտ բանալու» գլխավոր հերոսը «տանիքամոլ» Բուրատինոն է, ում դերը վստահված է Հրանտ Թոխատյանին: «Փայտե» մարդու ուրվական հայրը որոշում է նրան երկրի առաջնորդ դարձնել, օգնում ու աջակցում է որդուն գործող առաջնորդ Կարաբաս-Բարաբասին գահընկեց անելու և երկրին տեր դառնալու հարցում: Բայց ոսկե բանալին ի վերջո կժանգոտվի ու արդյունքում կհայտնվի բոլորովին այլ ձեռքերում:
«Mea Culpa»-ի հաջողություններից հետո սա իսկապես սպասված պրեմիերա էր: Ի դեպ այս 2-ի միջև բավական շատ են նմանությունները. նորից բեմից հնչում է Վահրամ Սահակյանի արդեն ծանոթ բառապաշարը, բեմադրիչը նույնն է` Արթուր Սահակյան, դերասանական կազմն էլ մեծ փոփոխություններ չի կրել` Հրանտ Թոխատյան, Սամսոն Ստեփանյան, Լևոն Հարությունյան, Արտաշես Ալեքսանյան, նաև Լուիզա Ներսիսյան, Վիգեն Ստեփանյան և ուրիշներ: «Ժանգոտ բանալի»-ն էլ տևում է նույնքան երկար, որ ակամա հիշեցնում է «չվերջացող» “MEA CULPA”-ն:
«Ժանգոտ բանալի» ներկայացման մտահղացման հեղինակը Արմեն Համբարձումյանն է:










