«Ոսկե Ծիրան»-ը կանցկացվի 6-րդ անգամ

15:48 • 15.04.09

Այս տարի «Ոսկե Ծիրան» կինոփառատոնը կկայանա 6-րդ անգամ հուլիսի 12-19-ը: Փառատոնը կբացվի «Առաջնային շրջան» ֆրանսիական ֆիլմով, որի թեման հայկական է: Փառատոնը կպահպանի տարիների ընթացքում հաստատված մրցույթները` միջազգային խաղարկային, վավերագրական և հայկական համայնապատկեր: Արդեն ստացվել են շուրջ 300 ֆիլմեր աշխարհի 60 երկրներից:

Այս տարի նույնպես կլինի եվրոպական ֆիլմերի ծրագիր, որի կենտրոնում առանձին ուշադրության կարժանանա լեհական կինոն: Փառատոնի շրջանակներում կկայանան լեհական կինոյի դասականներից Եժի Սկոլիմովսկու ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը: Կպահպանվի անցած տարի նույնպես կայացած «Արաբական գիշերներ» ծրագիրը:

6-րդ «Ոսկե Ծիրան»-ը կպահպանի նաև աշխարհահռչակ կինոգործիչների հետ վարպետության դասեր անցկացնելու բարի ավանդույթը, սպասվում են բազում անվանի հյուրեր:

Այս անգամ փառատոնում հակատկապես մեծ տեղ կունենա հայկական կինոն, քանի որ Հայկական համայնապատկեր մրցութային ծրագրից բացի, առանձին կինոերեկոներում հետահայաց ցուցադրություններով կտոնվի Բագրատ Հովհաննիսյանի և Արման Մանարյանի` 80 և Ներսես Հովհաննիսյանի` 70 ամյակները: Իսկ ՎԳԻԿ-ի 90 ամյակի առթիվ կցուցադրվեն այդ հաստատության շրջանավարտ հայ ռեժիսորների դիպլոմային աշխատանքները, որոնց թվում են Արման Մանարյանի «Տժվժիկը», Արտավազդ Փելեշյանի «Սկիզբը» և այլն:

Այս տարի 3-րդ անգամ «Ոսկե Ծիրան»-ի շրջանկաներում կկայանա «Ռեժիսորներ առանց սահմանների» տարածաշրջանային համատեղ արտադրության ֆորումը, որը նպատակ ունի խթանել համատեղ ֆիլմարտադրությունը:

«Ոսկե Ծիրան»-ի կազմակերպիչները խոստանում են նաև հատուկ ուշադրության արժանացնել լրագրողներին, նրանց համար կկազմակերպվեն առանձին կինոդիտումներ, փառատոնի օրերին լույս կտեսնի փառատոնային երկլեզու թերթը: