Կցուցադրվի Տրյուֆոյի «400 հարված»-ը

12:26 • 12.05.09

Մայիսի 13-ին Նարեկացի արվեստի միության «Կինոերեկոներ չորեքշաբթի օրերին» ծրագրի շրջանակներում կցուցադրվի ֆրանսիական Նոր ալիքի հիմնադիրներից Ֆրանսուա Տրյուֆոյի «400 հարված» ֆիլմը, որը ռեժիսորի առաջին լիամետրաժ ժապավենն էր և բնութագրվում է նաև որպես ինքնակենսագրական ֆիլմ: Դրամայի հիմքում պատմություն է անտարբերության մատնված պատանու մասին, ով ներքաշվում է հանցավոր կյանքի մեջ: 1960թ-ին ֆիլմը ներկայացված է եղել Օսկարի «Լավագույն սցենար» անվանակարգում:

Ֆրանսուա Տրյուֆոն, ով ֆրանսիացի ամենահայտնի ռեժիսորներից է, «400 հարված» ֆիլմը նվիրել է իր համախոհներից ֆրանսիացի քննադատ Անդրե Բազինին, ում հետ ընկերացել էր դեռ 15 տարեկանում: 1957թ.-ին Տրյուֆոն արդեն հիմնադրել է իր սեփական Les Films du Carrosse կինոընկերությունը, իսկ 1959-ին` ընդհամենը 27 տարեկան հասակում, նկարահանել «400 հարված»-ը: