Ով է լցնում դահլիճը՝ գովա՞զդը, թե՞ որակը. քննարկում են երաժիշտները

15:32 • 09.10.10

Երգչուհի-երգահաններ Լիլիթ Պիպոյանի և Գիսանե Պալյանի համատեղ ասուլիսը, որի թեման, ինչպես նախապես տեղեկացվել էր, ռաբիսի մեծ պահանջարկն ու հայեցի երաժշտությունը պետք է լիներ, կարելի է ասել, չկայացավ։
Ինչպես տեղեկացվեց, Գիսանե Պալյանը հիվանդության պատճառով չէր ներկայացել ասուլիսին։ Նրան փոխարինում էր EMPYRAY ռոք խումբի կիթառահար Կարեն Արզումանյանը։ Ռաբիսի և հայեցի երաժշտության մասին չխոսեցին, փոխարենը ներկայացրեցին իրենց դիրքորոշումը դահլիճ «լցնելու» մեխանիզմների մասին։

Լիլիթ Պիպոյանը կարծում է, որ դահլիճ «լցնելու» հարցում կարևոր դեր է խաղում պրոդյուսերական աշխատանքը։ Նրա կարծիքով՝ կարևոր է, որ գովազդը և տեղեկությունը ճիշտ հասնեն հանդիսատեսին։

«Ժողովուրդը երեխայի նման է. ինչ դնես դեմը, կուտի։ Մեր արվեստում ճիշտ մատուցելն է կարևոր», – ասաց նա։

Կարեն Արզումանյանը հակադարձեց. «Կա երեխա, որն ամեն ինչ վերցնում է, երեխա էլ կա, հրաժարվում է»։ Ըստ նրա, հանդիսատեսին հարկավոր է դաստիարակել մանկուց։

Միաժամանակ, նա նշեց, որ իրենց խմբի համար կարևոր չէ՝ համերգին ներկա է 7 հազա՞ր հանդիսատես, թե՞ հազար։ «Այդ հազարը մեզ համար ավելի ծանրակշիռ է, քանի որ որակ կա», – ասաց նա։