ABBA-ն գուցե վերամիավորվի
Լեգենդար շվեդական ABBA քառյակը կարող է վերամիավորվել։ Այս մասին հայտնում է The Local պարբերականը՝ վկայակոչելով Ագնետա Ֆելտսկոգին (Agnetha Faltskog), որը նախկինում եղել է 1982–ին փլուզված խմբի համատեղ ելույթների գլխավոր հակառակորդը։
«Մենք հնարավոր է մտածենք խմբի վերամիավորման մասին, ասենք, որևէ բարեգործական ակցիայի շրջանակներում»,– ասել է նա։
Հենց Ագնետայի և քառյակի ևս մեկ անդամ Բյորն Ուլվեուսի (Bjorn Ulvaeus) ամուսնալուծությունը պաշտոնական առիթ հանդիսացավ խմբի փլուզման համար։
Ըստ լրատվամիջոցների՝ 2000–ին ABBA–ն հրաժարվել է վերամիավորվելու և համաշխարհային շրջագայություն իրականացնելու առաջարկից՝ չնայած, որ խմբին առաջարկված հոնորարը կկազմեր 1 մլրդ դոլար։
Այժմ ֆելտսկոգը պատրաստակամություն է հայտնել հանդիպել իր նախկին ամուսնու, ինչպես նաև քառյակի մյուս անդամների հետ՝ Աննի–Ֆրիդ Լինգստադի (Anni-Frid Lingstad), որն այժմ իշխանուհի Ռյոյս ֆոն Փլաուենն է (Reuss von Plauen) և վերջինի նախկին ամուսին Բենի Անդերսոնի (Benny Andersson) հետ։
«Մենք չենք կազմակերպի համատեղ շրջագայություն, ինչպես դա անում են Rolling Stones–ը և այլ խմբեր։ Բայց ես պատրաստ եմ պատկերացնել, որ մենք ապագայում ինչ–որ բան կնախաձեռնենք հին կազմով։ Իմ կարծիքով՝ լավ կլիներ հանդիպել, հիշել անցյալը, և, ով գիտի, միգուցե ելույթ ունենալ»,–ավելացրել է Ֆելտսկոգը։










