Ամանորը նշեք տանը` ընտանիքի անդամների ու մտերիմների հետ. ազգագրագետ
Հայկական ավանդական տոնակատարություններից այսօր ամենաշատ պահպանված և նշվող տոնը Ամանորն է, չնայած այն այլևս նախկին խորհուրդն ու նշանակությունը չունի հայերի համար: Ինչպես այսօր հրավիրված ասուլիսում նշեց պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ հնագիտության և ազգագրության ամբիոնի դասախոս, ազգագրագետ Ռաֆայել Նահապետյանը, առհասարակ հայկական ավանդական տոներից շատ քիչ տարրեր են պահպանվել այժմյան տոնակատարությունների ժամանակ, այդ թվում նաև Ամանորից, իսկ պատճառը, նրա համոզմամբ, տարբեր ժամանակահատվածներում հայ ժողովրդի պատմության մեջ բազմաթիվ վայրիվերումներն ու փոփոխություններն են:
Ավանդական Ամանորը հայ ժողովուրդը դարեր ի վեր նշել է որպես գյուղատնտեսական աշխատանքների ավարտի և նոր տարվա խորհրդանիշ: Իսկ օգոստոսի 11-ին նշվող Նոր տարին կամ Նավասարդը հայերը կապում էին Նոյյան տապանի` Արարատի գագաթին հանգրվանելու, նաև Բելի նկատմամբ Հայկի հաղթանակի խորհրդի հետ, և այն նշվում էր 6 օր:
«Ամանորը հայերի համար իրենց օջախը, բնակավայրը, շրջապատը, մաքրելու խորհուրդն ուներ: Մարդիկ այդ օրերին նաև պահքի շրջանում էին` մաքրելու իրենց հոգիներն ու մարմինները: Այսինքն` այդ ամենով նորի ընկալմամբ հաջող նոր տարվա սկիզբն էր ազդարարվում: Այսօր, ցավոք, այդ խորհուրդը չի պահպանվում, ընկալումները շատ են փոխվել»,- ասաց նա:
Ազգագրագետը խոսեց նաև ամանորյա սեղանների մասին` նշելով, որ նախկինում հայերի մոտ կար 7 թվի խորհուրդը. տոնական սեղանին պարտադիր էին 7 տեսակի հատիկային ուտեստները, մրգերը, քաղցրավենիքը, նաև«դովլաթ հացը», որը պատրաստվում էր` հաշվի առնելով ընտանիքի անդամների թիվը: Տոնական ուտեստներից էին նաև քյուֆթան, պասուց տոլման և մարիամաճաշը` հատիկային կերակուրներից պատրաստված: Ամանորին մեծ խորհուրդ ուներ նաև տան մայրիկի կողմից ընտանքի անդամներին մեղրով կերակրելու ավանդույթը, որով հաջողություններ էին ակնկալում հաջորդ տարվանից:
Այժմ նշվող հունվարի 1-ի Ամանորը կապվում է հուլյան օրացույցի հետ, Հայաստանում այն պաշտոնապես սկսվել է նշվել 1920 թ-ից: Ձմեռ պապի և Ձյունանուշի կերպարները հայերի մեջ ներթափանցել են ռուսական ազդեցությունից, իսկ հին հայկական Ձմեռ պապի նախատիպը Սահակ Պարթևն է, ով բարեգործություն է արել ու նվերներ հանձնել մարդկանց:
Ազգագրագետը խորհուրդ է տալիս Ամանորի գիշերը տանը նշել և երբեք տան դուռը փակ չպահել: «Հատկապես այսօր շատերի մոտ սովորություն է դարձել Նոր տարին նշել ռեստորաններում կամ մեկնել այլ վայրեր: Ամանորը հավաքականության, գժտությունները հարթելու ու հյուրասիրության խորհուրդ ունի, ուրեմն մարդիկ պետք է իրենց տանը տան անդամների, մտերիմների հետ նշեն նոր տարվա սկիզբը»,- ասաց նա:










