Հայկական սերիալները դրդում են ինքնասպանության ու ամուսնալուծության

14:36 • 18.01.11

«Հայկական սերիալների կողմից հեռուստաեթերի մասսայական գրավման հետևանքով պատանիների շրջանում աճել են բռնության դեպքերը, հաշվեհարդար տեսնելու սերիալային տարբերակները, ինչպես նաև գրանցվել է 9 տարեկան երեխայի ինքնասպանության փորձ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ սերիալների թողած հոգեբանական ազդեցության մասին խոսելով՝ ասաց հոգեբան Խաչատուր Գասպարյանը:

Հոգեբանը նշեց, որ սերիալներն ունեն որոշակի դրական կողմեր: Հայտնվելով զուգահեռ իրականության մեջ, ապրելով մտացածին հերոսի կյանքով ու խնդիրներով, դիտողը կտրվում է իրականությունից` այդ ճանապարհով ժամանակ շահելով՝ սեփական խնդիրներին այլ աչքով նայելու համար: «Ցանկացած ֆիլմ, ցանկացած սերիալ իր մեջ որոշակի հաղորդագրություն է պարունակում` ուղղված դիտողին: Մեր սերիալներում, ցավոք, այդ հաղորդագրությունները կոչ են առ բռնություն, հաշվեհարդար»:

Այն հարցին, թե արդյոք ով է դրանց հեղինակը և ինչ շահ է հետապնդում այդ հաղորդագրությունները հղելով հասարակությանը, Խ. Գասպարյանը նշեց. «Կարծում եմ` սերիալների հեղինակները չեն էլ կասկածում, որ հաղորդագրություն են ուղարկում: Պարզապես մարդկանց ավելի հեշտ է գրավել բռնության տեսարաններով, վատով: Այդ ճանապարհով փորձում են վարկանիշ ապահովել: Ամեն ընտանիք ինքը պետք է փորձի կանոնակարգել իրենց երեխաների ոչ միայն սերիալ, այլև ընդհանրապես հեռուստացույց դիտելու ժամանակացույցը: Պետք չէ ամբողջ մեղքը բարդել հեռուստաընկերությունների վրա»: