Պլասիդո Դոմինգոն 70 տարեկան է

14:39 • 22.01.11

Ուրբաթ օրը Մադրիդի Թագավորական թատրոնում տեղի է ունեցել իսպանացի օպերային մեծ երգիչ Պլասիդո Դոմինգոյի 70-ամյակին նվիրված գալա համերգ, որը տևել է գրեթե երեք ժամ, հաղորդում է РИА Новости–ն։

Հյուրերի թվում են եղել Իսպանիայի Սոֆյա թագուհին, փոխնախարար Ելենա Սալգադոն, մշակույթի նախարարը, Մադրիդի քաղքապետը և այլ բարձրաստիճան անձիք։ Համերգի ծրագիրը մինչև վերջին պահը գաղտնի է պահվել հոբելյարի համար։

«Ինձ ծրագիրը ցույց մի տվեք, ոչինչ մի ասեք, ես անհամբերությամբ սպասում եմ անակնկալների և չեմ ուզում փչացնել այս տոնը»,– համերգից մեկ ժամ առաջ ասել է տենորը լրագրողներին։

Գալահամերգին մասնակցել են 1993թ.–ին իսպանացի տենորի կողմից ստեղծված երիտասարդ վոկալիստների միջազգային «Օպերալիա» մրցույթի տարբեր տարիների 7 հաղթողներ։

Գալահամերգը ուղիղ եթերով հեռարձակվել է Թագավորական թատրոնի շենքի դիմաց տեղադրված մեծ էկրանով։ Թատրոնի առաջ՝ հրապարկում, քաղաքապետարանը հանդիսատեսների համար տեղադրել է 1500 աթոռ։ Չնայած ցուրտ եղանակին, օպերային արվեստի և Պլասիդո Դոմինգոյի երկրպագուները անգամ համերգից հետո սպասել են, մինչև երգիչը դուրս գա թատրոնի պատշգամբ։ Երբ պատշգամբում երևացել է տենորը, հրապարակը թնդացել է ծափահարություններից ու բացականչություններից՝ «Շնորհավոր տարեդարձդ, Պլասիդո»։

Շենքի մյուս կողմում փակցված մեծ պաստառի վրա գրված է եղել «Շնորհավորում ենք, Պլասիդո»։

«Ես պարզապես երջանիկ եմ, այլ բան ես չեմ կարող ցանկանալ ինձ. ես 70 տարեկան եմ, բայց դեռ երգում եմ, այն էլ հայրենի քաղաքում, հարազատ թատրոնում, սիրելի մադրիդյան հանդիսատեսի համար»,– ասել է երգիչը։

Պլասիդո Դոմինգոն, չնայած մոտ մեկ տարի առաջ աղիքների չարորակ ուռուցքի վիրահատությանը, այժմ իրեն շատ լավ է զգում և նույնիսկ հայտարարել է, որ դեռ չի պատրաստվում հրաժեշտ տալ բեմին։

«Ես երգում եմ, և դա է ամենակարևորը, քանի որ բեմը ինձ համար կյանք է, իսկ երաժշտությունը՝ ոչ միայն աշխատանք, այլև հոբբի։ Ես չգիտեմ՝ ինչքան է դեռ ինձ վիճակված երգել, բայց մի բան հաստատ գիտեմ. ինքնակամ բեմը չեմ լքի։ Ես կերգեմ այնքան, ինչքան կկարողանամ, բայց ոչ մի ավելորդ օր չեմ անցկացնի բեմի վրա»,– հավաստիացնում է երգիչը։