Էլթոն Ջոնը իր մասին կինոնկար կստեղծի
Հանրահայտ Էլթոն Ջոնն սկսել է աշխատել սեփական կինոկենսագրությունն ստեղծելու ուղղությամբ, հայտնում է Contactmusic կայքը։
«Հասկանալի է, որ խոսքը ինչ–որ շարքային ֆիլմի մասին չէ։ Չէ՞ որ ես բավականին խելագար կյանք եմ վարում։ Իմ կարծիքով՝ կինոնկարում պետք է պատմել իմ կենսագրությունը սյուրռեալիստական տեսանկյունից»,–ասել է երաժիշտը։
Ֆիլմի սցենարը գրել է Լի Հոլը։ Ավելի վաղ այս հեղինակն արդեն համագործակցել է Էլթոն Ջոնի հետ, որը որպես կոմպոզիտոր աշխատել է «Բիլլի Էլիոթ» մյուզիքլի համար, որտեղ պատմվում է 11–ամյա տղայի մասին, որը երազում է դառնալ բալետի պարող։
Բացի այդ, 2010–ի հուլիսին հայտնի է դարձել, որ Էլթոն Ջոնը և Լի Հոլը համատեղ աշխատում են «Անասնաֆերմա» մյուզիքլի վրա, որը մտահղացվել է Ջորջ Օրուելի գրքի հիման վրա։ Այդ ժամանակ Հոլը հայտնել է, որ մյուզիքլի բեմադրումը կարող է տևել 2 տարի։
Իսկ թե որքան ժամանակ կպահանջվի Էլթոն Ջոնի մասին կենսագրական ֆիլմի աշխատանքների համար, դեռ չի հաղորդվում։ Սակայն երաժիշտը հայտնել է, որ արդեն ծանոթացել է Հոլի գրած սցենարին և գոհ է մնացել։










