Հայաստանում ջազի վերջին հույսը վարչապե՞տն է
Ջազային քոլեջի ճակատագրով մտահոգ երգիչներն այսօրվա ասուլիսի ժամանակ առաջարկեցին միաձուլումից խուսափելու համար առանձին շենք տրամադրել Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջին: Նրանց կարծիքով` մշակութային երկու օջախները միավորելու նպատակը քոլեջին շենք չտրամադրելն է: «Շենքի խնդիր է ընդամենը»,- ասաց երգչուհի Նառան:
Երգչուհի Գայանե Հովհաննիսյանն էլ իր հերթին ասաց, որ ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ, թե «ի՞նչն է միացման պատճառը, դա ի՞նչ միտք է հետապնդում»:
«30 տարվա քոլեջն այսօր արդեն կարող է դառնալ բարձրագույն կրթություն, մինչդեռ դառնում է նորաստեղծ ինչ-որ բան»,- ասաց երաժիշտ, քոլեջի նախկին սան Արմեն Գևորգյանը:
Երգիչներն ասացին, որ ստորագրահավաք է եղել որոշումը վերանայելու համար, իրենք բազմիցս դիմել են մշակույթի նախարարին, սակայն պատասխան չեն ստացել:
Երգիչները խնդրեցին կառավարությանը վերանայել որոշումը` կոչ անելով չոտնահարել այն, ինչ «ստեղծվել է մեծ դժվարությամբ և շատ դժվարությամբ էլ պահվել է»:
Նրանք հավաստիացրին, որ պատրաստ են պայքարել մինչև վերջ, անգամ դիմելու են ԱԺ-ին և վարչապետ Տիգրան Սարգսյանին` խնդրելով օգնել իրենց: Երգիչները համոզված են, որ վարչապետը, ծանոթանալով խնդրի էությանը «չի անտեսի կամ մերժի» իրենց: «Ես գտնում եմ, որ արվեստագետները պետք է գնան վարչապետի մոտ…»,- ասաց Գայանե Հովհաննիսյանը:
«Կգնանք նախագահի մոտ»,- լրացրեց Արմանուշ Հակոբյանը:










