Աբեդ Ազրիեն Հայաստանում կներկայացնի ֆրանսիական մեղեդիներ

19:29 • 04.02.11

«Ֆրանսիական մեղեդիները Հայաստանում» համերգային ծրագրով հունիսին Երևանում հանդես կգա ծագումով սիրիացի, ֆրանսիական ժամանակակից արվեստի յուրահատուկ կոմպոզիտորներից մեկը` Աբեդ Ազրիեն:

Համերգը ֆրանսիական դասական երաժշտության ու արևելյան մոտիվների յուրահատուկ խառնուրդ է լինելու, որին կմասնակցի վեց հայ երաժիշտ և ֆրանսիացի օպերային երգչուհի Անա Ֆելիպը (սոպրանո): Կոմպոզիտորը Երևան է ժամանել հատուկ հայ երաժիշտների հետ հանդիպելու ու փորձեր կատարելու նպատակով:

«Իմ մասին կարող եմ ասել, որ մետիսաժացված անձ եմ: Մետիսաժը` խառնուրդը, մեծ հարստություն է»,- լրագրողների հետ հանդիպմանն անկեղծացավ Ազրիեն:

Համերգի յուրահատկությունը, ըստ նրա, այն է, որ համերգային ծրագիրը պատրաստ կլինի հայ երաժիշտների հետ շփումների փորձերի ժամանակ: «Կարծում եմ, որ մեր այս նախագիծը, որ իրականացնելու ենք Հայաստանում, շատ է նմանվելու բարոկկոյի ժամանակների երաժշտական խմբերին: Զուտ դասական երաժշտությունը սահմանափակում է երաժշտի ազատությունը»,- նշեց կոմպոզիտորը` ավելացնելով, որ իր համար սկզբունքային է մինչև երաժշտություն գրելը երաժիշտներին անձամբ ճանաչելը:

Նախագծի կազմակերպիչներն են մշակույթի նախարարությունը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը, «Կուլտուրֆրանս» և «ՔԱՍՍարտ Պրոդաքշն» ընկերությունները:

Աբեդ Ազրիեն թողարկել է քսան ալբոմ, հեղինակ է մի քանի ֆիլմերի երաժշտության: Ծնվել է Հալեպում, 1967-ից ապրում և ստեղծագործում է Փարիզում:

Հանդիպման վերջում հայ երաժիշտները մի հատված կատարեցին Գլյուկի «Օրփեոս» ստեղծագործությունից: